Ֆրանսիական լրատվամիջոցները Սիրիայից ռուսական զորքերը դուրս բերելու որոշումը անսպասելի են համարում, սակայն վստահ չեն, որ այն միանշանակ եւ վերջնական է։ Առաջին հերթին՝ ռուսական իշխանությունները չեն հայտնել, թե կոնկրետ որքան զինվորական է դուրս բերվելու, եւ հետո՝ կասկածներ կան, որ այդ հայտարարությունը մարտավարական էր, հայտնում է RFI ֆրանսիական ռադիոն։

Նախօրեին Պուտինի արած հայտարարության համաձայն՝ առաջադրանքը, որը դրված էր բանակի առջեւ «ընդհանուր առմամբ կատարվել է»։ Սիրիայում ռուսական զորքերի հիմնական առաջադրանքը ահաբեկչության դեմ պայքարն էր։ Այդ առաջադրանքը ռուսական կողմը չի կատարել, նշում է ֆրանսիական մամուլը։

Libération. Կրեմլը հիմնականում կատարել է այսպես կոչված օգտակար Սիրիայի տարածքի պահպանման եւ հետ նվաճման խնդիրը։ Այդ տարածքի մեջ են մտնում միջերկրածովյան ափը, Դամասկոսը եւ Հոմսը։ Ասադի ուժերը կարողացան նաեւ բեկում մտցնել Հալեպի համար մարտերի մեջ, ինչպես նաեւ  փակել ճանապարհների մեծ մասը, որոնցով Թուրքիայի տարածքից Ասադի հակառակորդները օգնություն էին ստանում։

Սակայն ամեն դեպքում Մոսկվան չի լուծել թուրք-սիրիական սահմանի ամբողջական փակման խնդիրը, գրում է Le Figaro-։ Թերթը հենց դրանով է բացատրում Հալեպի շրջանում ռուսական օդանավերի ռմբակոծությունների սաստկացումը հունվար-փետրվարին, ինչը տապալեց Ժնեւում ընդդիմության եւ կառավարության միջեւ բանակցությունները։

Դրա փոխարեն Մոսկվան կարողացավ փրկել Ասադին անխուսափելի ջախջախումից։ Եվ հիմա լրջորեն կարող է հանդես գալ որպես բանակցային կողմ։

Le Мonde-ն կարծում է, որ հենց դա էլ կարող էր լինել Սիրիայից զորքերը դուրս բերելու պատճառը։ Թերթը նշում է, որ Կրեմլում զայրույթով են դիմավորել ԱՍադի վերջին հայտարարությունն այն  մասին, որ նա պատրաստվում է նվաճել Սիրիայի ողջ տարածքը եւ որ ուզում է ապրիլին խորհրդարանական ընտրություններ անցկացնել։

Թերթը կարծում է, որ Սիրիայի նախագահի համար Պուտինի որոշումը նույնպես անսպասելի էր։

Ինչ էլ որ  լինի, պուտինյան անոնսին պետք է շատ զգուշությամբ մոտենալ, կարծում է Le Figaro-ն։ «Ռուսական իշխանությունները ոչ մի տեղեկություն չեն հայտնել, թե կոնկրետ որքան զինվորական է դուրս բերվելու Սիրիայից»,- հիշեցնում է թերթը։