Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կիպրոսի Նախագահի Նիկոս Անաստասիադիսի հետ ներկա է գտնվել Կիպրոսի արտաքին գործերի նախարարության բացօթյա թանգարանում հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման արարողությանը: 1598թ. թվագրվող Ջուղայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակը Հանրապետության Նախագահը հայ ժողովրդի անունից նվիրել է կիպրական կողմին` Կիպրոսի Հանրապետություն իր պաշտոնական այցի կապակցությամբ:

Նախագահ Անաստասիադիսը շնորհակալություն է հայտնել եւ ընդգծել, որ խաչքար հուշարձանն արտացոլում է հայ եւ կիպրացի ժողովուրդների, երկու բարեկամ պետությունների՝ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ անքակտելի կապը. «Մեր ժողովուրդները, որ զոհ են դարձել նույն հանցագործություններին, պայքարել եւ պայքարում են միջազգային ասպարեզում հանուն իրենց իրավունքների եւ արժեքների պահպանման: Կիպրոսը եվրոպական առաջին երկրներից է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտել այդ ոճրագործությունը: Մեր երկրներն ու ժողովուրդները, իմ ընկեր`Հայաստանի Հանրապետության պարոն Նախագահ, հավատարիմ են միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում` ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, խաղաղությամբ խնդիրների լուծմանը եւ իրենց ապագան որոշում են` հարգանքով վերաբերելով մարդու իրավունքներին: Հայ ժողովրդի այն զավակները, որոնք հարյուր տարի առաջ ցեղասպանությունից փախչելով հաստատվեցին Կիպրոսում, այսօր Կիպրոսի հասարակության ակտիվ եւ շատ կարեւոր մաս են կազմում` միեւնույն ժամանակ պահպանելով իրենց լեզուն, ինքնությունը, ավանդույթները եւ հարգանքով վերաբերելով իրենց ծագմանը, իրենց երկրին ու նաեւ այն երկրին, որն ընդունեց իրենց: Մենք հպարտ ենք, որ նրանք մեր հասարակության մաս են կազմում:

Կիպրոսը եւ Հայաստանը շարունակում են զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ միավորելով ուժերը երկու ժողովուրդների կողմից հանուն արդարության տարվող իրենց պայքարում հաղթանակ արձանագրելու համար: Այսօրվա այս հուշարձանի բացումը եւս մեկ անգամ ցույց է տալիս եւ հիշեցնում է բոլորին այն խորը եւ պատմական բարեկամական հարաբերությունների մասին, որոնք առկա են մեր ժողովուրդների միջեւ»,-ասել է Նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

ՀՀ Նախագահը խորհրդանշական է համարել Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հարակից պուրակում տեղադրված` հայ ժողովրդի բազմադարյա մշակութային ժառանգության ամենայուրօրինակ հորինվածքների մեկի՝ խաչքարի ընտրությունը որպես նվեր եւ նշել, որ այն այսուհետ Կիպրոսի ժողովրդին ու Կիպրոս այցելող օտարազգիներին կներկայացնի Հայաստանն ու հայ ժողովրդին եւ կհանդիսանա հայ-կիպրական եղբայրության խոսուն վկան: Այն նաեւ ահազանգ կհնչեցնի, որ մշակութային ցանկացած դրսեւորման դեմ ոտնձգություն ոճիր է մարդկության հանդեպ եւ կպատգամի միասնականություն աշխարհի առաջադեմ մարդկությանը՝ պայքարելու պատմության ու մշակույթի ինքնատիպ կրիչ հանդիսացող կոթողներին սպառնացող բիրտ ուժի դեմ. «Հայ ժողովրդի հոգեւոր արժեքների եւ քրիստոնեական ոգու խորհրդանիշ դարձած արվեստի այս գլուխգործոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մաս է կազմում:

Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում գրանցված է ավելի քան 10 հազար խաչքար, եւ դրանցից յուրաքանչյուրը եզակի է իր հորինվածքով եւ տարբերվող զարդանախշերով:

Մեզ՝ հայերիս համար, խաչը, եկեղեցին բացառիկ պատմական դերակատարություն են ունեցել։ Պետականության երկարատեւ բացակայության պայմաններում եկեղեցին հաճախ ստանձնել է պետության դերը, համախմբելով մեր ժողովրդին, իսկ խաչքարը՝ փայփայել ու պահպանել հայ ինքնությունը, ինչն էլ մեզ 25 տարի առաջ հնարավորություն տվեց վերակերտել մեր անկախ պետականությունը:

Ուստի բարեկամ կիպրացի ժողովրդին այս խորհրդանշական նվերի ընտրությունը պատահական չէր: Ոգեղենն ու նյութականը՝ խաչն ու քարը միավորվել ու ոգի են ստացել՝ ամփոփելով մեր պատմությունը, մշակույթը, հավատքը, հոգեկերտվածքը, մտածողությունը: Եթե մեկտեղենք աշխարհով մեկ սփռված բոլոր խաչքարերը, կստանանք թերեւս հայ ժողովրդի քրիստոնեական շրջանի ողջ անցած ուղին:

Պատմության ընթացքում արարված յուրաքանչյուր խաչքար խոսում է առանց բառերի, պատմում՝ մեր պատմության փառապանծ էջերի ու ձախողումների մասին, վերելքների ու անկումների մասին: Դրանց շարքերում կան այնպիսիք, որ ցայսօր կանգուն են մայրենի հողում՝ որպես Հայոց պետականության դարավոր վկաներ, կան այնպիսիք, որ սփռված են աշխարհի տարբեր երկրներում՝ կրելով մեր ազգի հիշողությունը: Կան եւ այնպիսիք, որ մարտնչել են զինվորների պես, ինչպես ավերումից փրկված արցախյան խաչքարերը: Եղել են, ցավոք, եւ այնպիսիք, որոնք ոչնչացվել են բարբարոսաբար, ինչպիսիք են Ադրբեջանի կողմից Նոր Ջուղայում ոչնչացված 3000 խաչքարերը:

Այստեղ տեղադրված այս հիասքանչ նմուշը կրկնօրինակն է ոչնչացված այդ խաչքարերից մեկի, որը թվագրվում է 16-րդ դարին: Այն ոչնչացվել է, բայց վերածնվել՝ ոչնչացվել է քարը, բայց ոչ երբեք խաչը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: