Ժնեւում անցկացվող միջսիրիական բանակցություններում կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար ալ-Ջաֆարին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ հանդիպումը «դրական եւ կառուցողական էր»: Անդրադարձ է եղել քայլերի, որոնք թույլ են տալիս առանց որեւէ նախապայմանի երկխոսություն սկսել:

Ալ-Ջաֆարին, միաժամանակ, ընդգծել է, որ ընդդիմադիր որեւէ ուժ իրավունք չունի մանեւրելու ամբողջ ընդդիմության անունից: «Մենք քննարկեցինք ոչ միայն Թուրքիայի տարածքով ահաբեկիչների շարունակվող հոսքի խնդիրը, այլեւ խոսեցինք Իսրայելի կողմից աջակցություն ստացող Գոլանի բարձունքների զինյալների մասին, ինչպես նաեւ նրանց, որոնք ժամանում են Հորդանանով»,- ասել է նա:

Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության փոխանմամբ, Սիրիայի հյուսիսում դաշնային շրջան ստեղծելու՝ քրդերի մտադրության առիթով կառավարական պատվիրակության ղեկավարը հաստատել է, որ միջսիրիական բանակցություններում հիմնական ուղենիշը երկրի միասնության, անկախության եւ տարածքային ամբողջականության պահպանումն է: Նրա խոսքով, սիրիացի քրդերը ժողովրդի կարեւոր բաղադրիչն են, եւ սիրիացիների միջեւ սեպ խրելու ցանկացած փորձերը դատապարտված են ձախողման: