Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը չի սպասում, որ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ առավել սերտ համագործակցությունը միգրացիան ճգնաժամի հարցով կարող է հանգեցնել մոտ ապագայում Թուրքիայի ԵՄ անդամակցության, հաղորդում է Handelsblatt թերթը:

«Թուրքիան ներկայումս պատրաստ չէ ԵՄ անդամակցությանը: Կարծում եմ, որ առաջիկա 10 տարում էլ պատրաստ չի լինի»,-ասել է նա:

Մարտի 17-18-ին Բրյուսելում տեղի կունենա գագաթաժողով, որտեղ կքննարկվի ԵՄ-ում միգրացիոն ճգնաժամն ու այդ հարցում Թուրքիայի հետ համագործակցությունը: Նախատեսված է ԵՄ 28 երկրների առաջնորդների հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ:

Միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ քննարկվող համաձայնագրի համաձայն Անկարան պետք է հետ ընդունի բոլոր փախստականներին, որոնք Հունաստան են եկել թուրքական տարածքից: Փոխարենը Թուրքիան հնարավորություն կստանա արագացնել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման եւ նախատեսված 3 մլրդ եվրոյի ստացման բանակցությունները: