ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաման է ստորագրել Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ ընդունելու մասին։ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստի խոսքով՝ դրա պատճառը Փհենյանի գործարկած միջուկային եւ բալիստիկ հրթիռներն են։
Թե ինչ ձեւաչափով են լինելու պատժամիջոցները, դեռ հայտնի չէ։ ԱՄՆ իշխանությունները դրանք որակում են որպես կոշտ, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
«Որոշումն ընդունվել է հյուսիսկորեական ռեժիմի վրա ճնշում գործադրելու մեր երկարաժամկետ քաղաքականության շրջանակներում։ ԱՄՆ-ը եւ միջազգային հանրությունը չեն հանդուրժի միջուկային եւ բալիստիկ հրթիռներ գործարկելու հետ կապված Հյուսիսային Կորեայի հանցավոր գործողությունները»,- ասել է Էռնեստը։





























