Ամերիկացի սենատորներ՝ հանրապետական Ռաբ Փորթմանը եւ դեմոկրատ Քրիս Մերֆին, Ատլանտյան խորհուրդ ազդեցիկ ՀԿ-ում ներկայացրել են Ռուսաստանի, Չինաստանի եւ այլ երկրների կառավարական քարոզչությունից ԱՄՆ-ին եւ դաշնակիցներին պաշտպանելու մասին օրինագիծը։ Սենատոր Փորթմանը նախագիծը ներկայացնելիս նշել է, որ դրա նպատակն է բարելավել օտարերկրյա քարոզչությանն ու ապատեղեկատվությանը հակազդելու ԱՄՆ ունակությունը։ Նրա խոսքով՝ փաստաթուղթն արդեն դրվել է Սենատի քննարկմանը, հայտնում է DW-ն։
Փորթմանի կարծիքով տարաձայնությունները մեծ հաշվով վերաբերում են Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի ապագային վերաբերող հարցերին, որոնք սրվել են Ղրիմի անեքսիայից եւ Ուկրաինայի ճգնաժամից հետո։
Սենատորի խոսքով՝ օրինագծով նախատեսվում է 3 գերակա ուղղություն սահմանել։ Առաջին հերթին քարոզչությանն ու ապատեղեկատվությանը հակազդելու համապետական ռազմավարություն մշակել։ Երկրորդ՝ նախաձեռնության հեղինակներն առաջարկում են տեղի լրագրողների, ՀԿ-ների որակավորումը բարձրացնելու համար ֆինանսավորման հիմնադրամ կազմակերպել։ Եվ երրորդ՝ օրենսդրությունը մշակութային եւ կրթական փոխանակման ծրագրերի միջոցով թույլ կտա ընդլայնել տեղի միությունների հնարավորությունները արտաքին սադրանքներին հակազդելու համար։




























