Եվրամիությունը խոստացել է Դոնբասի զինված հակամարտությունից տուժածների համար Ուկրաինային հումանիտար օգնության նոր փաթեթ հատկացնել՝ 20 մլն եվրո չափով: Այս մասին մարտի 16-ին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Եվրոպացի փորձագետների գնահատականով այս պահին Դոնբասի պատերազմի հետեւանքով օգնության կարիք ունի 3.1 մլն մարդ Ուկրաինայի ու հարեւան երկրների տարածքում:

Ուկրաինային «զգալի ֆինանսական օգնություն» հատկացնելու մասին Եվրամիությունում առաջին անգամ խոսել են ուղիղ երկու տարի առաջ՝ 2014 թ. մարտի 16-ին: Դոնբասի հակամարտությունից տուժածներին հումանիտար օգնություն է տրամադրել նաեւ ՄԱԿ-ը: Խոսքն այն ժամանակ 15 մլն դոլարի մասին էր՝ 120 հազար մարդու համար: Հետագայում 120 մլն դոլարի հումանիտար օգնություն էլ ԱՄՆ –ն էր Կիեւին հատկացրել:

Մարտի 16-ին նաեւ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է հրաման, որով ուժի մեջ է մտել երկրի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի որոշումը՝ անվտանգության նոր հայեցակարգի մասին: Հայեցակարգում «առավել արդիական» է համարվում «Ռուսաստանի կողմից ագրեսիայի սպառնալիքը»: Այն նախատեսում է անվտանգության հարցերով համագործակցության ուժեղացում ԵՄ –ի ու ՆԱՏՕ-ի հետ: