ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր՝ մարտի 17-ին, աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Վաշինգտոն, որտեղ հանդիպում կունենա ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Բ.Կոմիի հետ։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն Քննչական կոմիտեի եւ Հետաքննությունների Դաշնային բյուրոյի միջեւ համագործացությունը զարգացնելու վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։
Կողմերը մասնավորապես կանդրադառնան անդրազգային կազմակերպված հանցավորության եւ պետական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության, քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության ցուցաբերման, փորձի փոխանակման եւ աշխատակիցների վերապատրաստմանը վերաբերող հարցերին։
Այցի ընթացքում ՀՀ ՔԿ նախագահը կայցելի նաեւ ՀԴԲ-ի ակադեմիա՝ տեղում ծանոթանալու Բյուրոյի աշխատակիցների վերապատրաստման ծրագրերին:





























