Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերմանը անդրադարձել են նաեւ արաբական լրատվամիջոցները։ Առաջինն արձագանքեց լիբանանյան An-Nahar-ը՝ կարծիք հայտնելով, որ Մոսկվայի որոշումը վաղաժամ է եւ օգտակար չէ հակամարտության կողմերից եւ ոչ մեկի համար։ Հոդվածագրի կարծիքով Մոսկվայի որոշումը խստորեն համապատասխանում է սիրիական հակամարտությունից անվտանգ դուրս գալու  պլանին, սակայն հարցն այն է, թե ինչու է դա տեղի ունեցել հենց հիմա, փոխանցում է Inosmi-ն։

Վարկածը, որն ավելի ուշ հայտնվեց արաբական պարբերականների շատ հեղինակների կողմից, վերաբերում էր նրան, որ Մոսկվան դժգոհ է մնացել Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմի այն հայտարարությունից, որում ասված էր, թե Բաշար Ասադի ճակատագրի ցանկացած քննարկում ընդհանրապես բացառված է, եւ այդ թեման «կարմիր գիծ» է։

«Ռուսաստանը գիտակցեց, որ ավելի ու ավելի շատ է ներքաշվել պատերազմի մեջ, նա պատերազմում է հօգուտ Իրանի եւ Ասադի, այլ կեպ ասած՝ շիաների օգտին»,- գրել էր սաուդցի լրագրող Մաշարի Ազ Զաիդին Asharq Alawsat պարբերականում։

Լիբանանցի հրապարակախոս Ջիհադ Հազինը Al-Hayat թերթում ենթադրել էր, որ Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման պատճառը Ասադի դիրքորոշման նկատմամաբ Պուտինի դժգոհությունն է, ով մտադիր չէ, որեւէ խոսակցություն վարել անցումային իշխանության եւ նախագահական ընտրությունների մասին։

Al-Hayat-ի գլխավոր խմբագիր Զահիր Քասիբաթին նույնպես կարծիք էր հայտնել, որ կայսր Պուտինը դասեր է քաղել Աֆղանստանից եւ որոշել է հաղթող դուրս գալ Սիրիայի պատերազմից։ «Պուտինը հասկանում է, որ ինչպես էլ ընթանան բանակցությունները, խոսքն ամեն դեպքում կգնա նաեւ Ասադի ճակատագրի մասին, եւ հավանաբար Ասադը չի դիմանա։ Հորդանանյան Alghad-ը կասկածի տակ էր դրել Սիրիայից մշտապես հեռանալու Ռուսաստանի մտադրությունը։ Ի մի բերելով՝ նա հաստատել էր, որ Մոսկվայի առաջ դրված առաջադրանքները կատարված են. Սիրիայի ռեժիմը կարողացել է ահաբեկիչներից հետ վերցնել իր տարածքները. Ռուսաստանն ու Վաշինգթոնը ընդդիմության եւ կառավարության միջեւ հրադադարի ռեժիմի համաձայնության են հասել, սկսվել են բանակցությունները»։

Al-Rai-ի հոդվածագիր Վալիդ Առ Ռաջիբը ներկայացրել է որոշ վերլուծաբանների կարծիքը, որոնք ենթադրում են, որ Մոսկվայի վերջին քայլը վկայում է այն մասին, որ տարածաշրջանի դաշնայնացման նախագիծն ընթանում է ողջ ընթացքով։

Օմանի Սուլթանության Al-Watan կենտրոնական պարբերականը հակված է այն կարծիքին, որ Պուտինի անսպասելի որոշումը հապճեպ է, քանի որ ահաբեկչական կազմակերպությունները դեռեւս ամբողջովին չեն ճնշվել։

Լիբանանյան Al-Safir-ը կարծում է, որ միայն գործոնների ամբողջությունն է բացատրում ՌԴ նախագահի վարքը։ Դրանք են Ռուսաստանում բարդ տնտեսական իրավիճակը, Մոսկվայի եւ Էր Ռիադի մերձեցումը, որը լարում է բերել ռուս-իրանական հարաբերություններում, եւ Դամասկոսի հետ որոշ հարցերի շուրջ փոխըմբռնման բացակայությունը։ «Բոլոր այդ իրադարձությունները մեկ շղթայի օղակներ են, որոնք հանգեցրել են նրան, որ Պուտինն ընդունել է այդքան անսպասելի այդ որոշումը»։