Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այն վարում է ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը:

Գագաթնաժողովին մասնակցում են Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ եւ Արեւելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների եւ կառավարությունների ղեկավարները:

Նախատեսվում է, որ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն տնտեսական առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները, կանդրադառնան միջազգային արդի մարտահրավերներին, այդ թվում` սիրիական ճգնաժամին, Եվրոպայում լուրջ մարտահրավեր դարձած փախստականների խնդիրներին, ԵՄ անդամ պետություններում քաղաքական իրավիճակին եւ ԵՄ հարեւանության քաղաքականությանը վերաբերող հարցերին: