Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ՀԱԿ-ի առաջարկներին միացել են  «Ժառանգություն» եւ ՕԵԿ-ը՝ հայտարարել է Լեւոն Զուրաբյանը: Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ հաշվի առնելով ընդդիմության հետ քառյակի ու եռյակի շրջանակում նախկին դառը փորձը՝ ԲՀԿ-ն ոչ մի պլատֆորմի չի միանա, թեւ պատրաստ է համագործակցել:

Իշխանությունը պատրաստ է «4+4+4» ձեւաչափով քննարկել Ընտրական օրենսգրքի շուրջ ցանկացած հարց: Այս մասին Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ լսումների ժամանակ հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը։ «4+4+4»-ը՝  չորսական ներկայացուցիչ իշխանությունից, ընդդիմությունից եւ քաղաքացիական հասարակությունից, Լեւոն Զուրաբյանի առաջարկն էր:

Իշխանափոխության համար պայքարող Նոր Հայաստան շարժումը նամակ է հանձնել Եվրամիության գրասենյակ՝ պահանջելով, որ եվրոպական կառույցները չհամագործակցեն Հայաստանի իշխանությունների հետ, քանի դեռ մեր երկրում կան քաղբանտարկյալներ: Հանրահավաքին հաջորդած երթը մեկնարկել է միջադեպով: Ոստիկանները պատ կազմած փորձել են թույլ չտալ , որ նրանք առաջ գնան՝ պատճառաբանելով, որ շեղվում են նախապես նշած երթուղուց, սակայն, բանակցություններից հետո թույլ են տվել շարժվել Բաղրամյան պողոտայով:

Կրկին տխուր լուր սահմանից: 19-ամյա զինծառայողը մահացել է Արցախի մարտական դիրքում՝ պաշտոնական տեղեկությամբ, զենքի օգտագործման կանոնները խախտելու հետեւանքով: Հովհաննեսը Աշտարակ քաղաքից էր, ապրում էր սոցիալապես անապահով ընտանիքում: Նրա մահվան հանգամանքները կպարզի քննությունը:

Գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Հայկական առաջապահ զորամասերը դիմել են թիրախային պատժիչ գործողությունների:

Ադրբեջանի օգտին լրտեսելու մեջ մեղադրվող Կարինե Ղումաշյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Արմանը, որը նրա միջոցով տեղեկություններ է կորզել զինված ուժերի մասին, Կարինեի մոտ կասկած չի առաջացրել, ներկայացել է որպես հարուստ սփյուռքահայ, կնոջն ամուսնության առաջարկ արել: Կարինեն նրա իրական նպատակներին սկսել է կասկածել միայն այն ժամանակ, երբ Թուրքիայում գտնվող Արմանը նրան արգելել է Հայաստանից իրեն զանգել: Կարինեն պնդում է, ինքը ընկել է լրտեսական խմբի ծուղակը, իսկ ԱԱԾ-ն սխալ մարդու է կալանավորել:

Մասիս քաղաքում գնացքը բախվել է մարդատար մեքենային, ու մինչեւ կհասցներ արգելակել, մոտ 180 մետր քարշ է տվել այն: Մեքենայի 29-ամյա վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Երկաթգծի հերթապահը տեսել է՝ ինչպես է վթարը տեղի ունեցել: Վարորդը շրջանցել է իջեցված ուղեփակոցը, մեքենայում երաժշտությունն այնքան բարձր է եղել, որ չի լսել գնացքի սուլոցը, չի նկատել նաեւ իրեն զգուշացնող հերթապահի լապտերի լույսը:

Ով է կառուցել Սարալանջի պողոտայի օրերս փլված հենապատը: Երկու օր է՝ կառուցապատողի անունը չի պարզվում: Քաղաքապետարանն ասում է, Մեվրիկար ընկերությունն է այն կառուցել ամիսներ առաջ: Մեվրիկարն էլ պնդում է, որ այդ հատվածը 2005-ին Լինսի հիմնադրամի միջոցներով է կառուցվել: Մինչ նրանք մեղավոր են փնտրում, քաղաքացիներին մտահոգում է՝ իսկ ով պետք է երաշխավորի, որ երթեւեկությունը Սարալանջի պողոտայով այժմ անվտանգ է:

Սիրահարների այգում տարեց տղամարդու հետ խոսելիս համբերությունը կորցրած բժիշկը պատժվել է: Նրան հեռացրել են աշխատանքից, բայց ընդամենը մեկ ամսով: Տեսագրությունը, որում բժիշկը ապարդյուն համոզում էր տղամարդուն իր հետ հիվանդանոց գնալ, լայն արձագանք էր ստացել համացանցում: Ոչ բոլորն էին քննադատում բժշկին, ոմանք նշում էին, որ տարեց տղամարդն առաջնին անգամ չէ համբերությունից հանում բժիշկներին:

Երիտասարդ ընտանիքների համար բնակարան ձեռք բերել հեշտանում է: Կառավարությունը փոխել է պետական ծրագրով մատչելի բնակարաններ ստանալու պայմանները: Ամուսնական զույգի տարիքը 60-ի փոխարեն դարձել է 65, ձեռք բերվող բնակարանի առավելագույն արժեքը  դարձել է 26 միլիոն, նախկին 16-ի փոխարեն, կանխավճարն էլ նվազել՝ մինչեւ 10 տոկոս: Բնակարանի համար տրամադրվող հիփոթեկային վարկի չափը նույնպես բարձրացել է՝ 17,5 միլիոն դրամ:

Աշխարհահռչակ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը բնակարան կունենա Երեւանում: Քաղաքապետարանը բավարարել է նրա խնդրանքը, եւ բնակարան նվիրել մայրաքաղաքի կենտրոնում  կառուցվող շենքերից մեկում: Ռեժիսորը այնտեղ վարպետության դասեր կանցկացնի հայ երիտասարդների համար:

Երեւան քաղաքի ավագանու հանրապետական անդամներին պառակտել է Արամի 30-ը: Արժեր քանդել մշակութային արժեք ներկայացնող շենքը, թե ոչ՝ խմբակցության մտավորական անդամները ընդհանուր կարծիք չունեն: Հրանտ Թոխատյանը ակտիվ մասնակցում է շենքը քանդելու որոշման դեմ պայքարին:

Լեւոն Իգիթյանը, ընդհակառակը, կարծում է, որ քանդելու որոշումը ճիշտ էր. Արամի 30-ը ցախաբուն էր, իսկ Հրանտ Թոխատյանը՝ դեմագոգ:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին դատապարտել է Սիրիայում հայկական մշակութային կոթողների, եկեղեցիների ոչնչացումը: Քերրին նաեւ ցեղասպանություն է անվանել «Իսլամական պետության» կողմից եզդիների, շիաների, քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի սպանությունները: 2004թ. Դարֆուրի ցեղասպանությունից հետո Վաշինգտոնն առաջին անգամ է  օգտագործել ցեղասպանություն եզրը՝ նկարագրելու համար ընթացող հակամարտությունը:

ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին նախազգուշացրել է Մոսկվայում ծրագրվող ահաբեկչության մասին՝ խորհուրդ տալով խուսափել մարդաշատ վայրերից: Դեսպանատունը վստահեցնում է, որ ամբողջ Եվրոպայում ու մասնավորապես Մոսկվայում ահաբեկչական բարձր սպառնալիքի մասին տեղեկությունները հավաստի աղբյուրներից է ստացել:

Ռուսաստանը Միացյալ Նահանգների անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է: Այսպես է կարծում ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը: Պենտագոնի ղեկավարը թվարկել է ԱՄՆ-ին սպառնացող 5 գլոբալ ռազմավարական մարտահրավերները՝ Ռուսաստան, հետո Չինաստան, Հյուսիսային Կորեա, Իրան եւ միայն վերջում՝ ահաբեկչություն:

Մադոննան երկրորդ անգամ է սկանդալի մեջ հայտնվել Ավստրալիայում շրջագայության ընթացքում: Նա իր երկրպագուհիներից մեկին քարշ է տվել բեմի վրա, որտեղ բոլորի ներկայությամբ մերկացրել է աղջկա կուրծքը: Փոփ դիվան ակնարկել է, որ աղջիկն այնպես է հագնված, որ նրան հաստատ դուր կգա իր արածը:

Արսենալը աչք է դրել Հենրիխ Մխիթարյանի վրա: Ամառային տրանսֆերի ժամանակ տրանգլիական ակումբը կփորձի ձեռք բերել Բորուսիայի թանկարժեք կիսապաշտպանին: 27-ամյա ֆուտբոլիստը տրանսֆերային արժեքը գնահատվում է 22 միլիոն ֆունտ ստեռլինգ: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում նա խփել է 9 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում:

Դոլարի, ռուբլու, եվրոյի փոխարժեքներն այսօր նվազել են, ֆունտինն՝ աճել : այսպիսով դոլարի փոխարժեքը կազմել է 486,  եվրոյինը 548, ֆունտինը՝ 701, ռուբլունը 7.08 դրամ:

Մարտի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, 20-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:  Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, իսկ վաղը ցերեկը մինչև +12 աստիճան տաքություն։