Արարատի մարզում ավտովթարի հետեւանքով երեք երիտասարդ է մահացել: Երեքն էլ Արբաթ գյուղից էին: 19-ամյա Արսենը եւ 21-ամյա Լեւոնը եղբայրներ են, իսկ 23-ամյա Սարգիսը նրանց ընկերը: Արսենը ժամկետային զինծառայող էր, արձակուրդ էր եկել: Տղաները վերադառնում էին Սայաթ Նովա գուղից, ուր գնացել էին իրենց ընկերոջը տեսնելու: Հենց Արսենն էլ մեքենայի ղեկին է եղել: Նրա վարած «Օփելը» լուսադեմին բախվել է գազատարի խողովակին եւ հայտնվել դաշտում:
65 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանը: Նա համարվում էր համաշխարհային օպերայի լավագույն ձայներից մեկը, որը երգել է տենորի համար գրված բոլոր բարդ դերերը: Նա փայլել է Մարիինյան, «Մետրոպոլիտեն», «Լա Սկալա» եւ բազմաթիվ այլ հռչակավոր թատրոններում: Դեռ 27 տարեկանում Լա Սկալան նրա հետ պամանագիր էր ստորագրել երկու խոշոր բեմադրությունների գլխավոր դերերի համար, սակայն խորհրդային իշխանություններն արգելել են երկրից մեկնել: Միայն 1990-ին է Գեղամ Գրիգորյանը հնարավորություն ստացել դուրս գալ միջազգային ասպարեզ:
Ոստիկանությունը պարզել է Բրյուսելի օդանավակայանում երկու պայթյուններն իրականացնողների ինքնությունը: Ահա նրանք՝ եղբայրներ Խալիդ եւ Իբրահիմ Բաքրուաինները, ծագումով թուրք, Բելգիայի քաղաքացի: Ենթադրվում է, որ երկուսն էլ իրենք իրենց պայթեցրել են: Նաջիմ անունով երրորդ կասկածյալը որոնվում է, նա կապ է ունեցել նաեւ Փարիզի ահաբեկությունների հետ: Վերջին տվյալով Բրյուսելում զոհերի թիվը 31 է, վիրավորներինը՝ 270: Նրանց թվում 40 երկրների քաղաքացիներ կան:
36-ամյա Ադելման Բրյուսելի ահաբեկությունների առաջին զոհերից է: Նա ծագումով Պերուից էր, 6 տարի առաջ էր տեղափոխվել Բելգիա: Նա ամուսնու եւ երեք տարեկան երկվորյակ աղջիկների հետ մեկնում էր Նյու Յորք՝ Զատիկը նշելու: Ադելան մի քանի քայլ հեռու էր չվերթի գրանցման վայրից, որտեղ տեղի էր ունեցել պայթյունը: Ամուսինը մի պահ երեխաների հետ հեռացել է, ինչի շնորհիվ նրանք ողջ են մնացել:
Թուրքիայում պատրաստություն անցած 16 մահապարտ կանայք մեկնել են Ռուսաստան՝ ահաբեկություններ կատարելու նպատաով: Նման տեղեկություններ են ստացել Ռուսաստանի ուժային կառույցները: Նրանց թիրախում են լինելու տրանսպորտի կանգառները, մետրոյի կայարանները եւ զորամասերը: Հիշեցնենք, որ օրերս ամերիկյան դեսպանատունը Մոսկվայում իր քաղաքացիներին զգուշացրել էր հնարավոր ահաբեկության մասին:
Քանի դեռ ես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն եմ, նրանք չեն խաղալու Հայաստանի հավաքականում: Ռուբեն Հայրապետյանի այս բառերը Յուրա Մովսիսյանի, Ռոբերտ Արզումանյանի եւ Գեւորգ Կասպարովի մասին են: Ֆեդերացիայի նախագահը շեշտել է, որ նրանց հավաքական չհրավիրելն իր պահանջով է, քանի որ հավաքականը նրանց համար դարձել էր զբոսանքի վայր: Ինչ վերաբերում է Գեւորգ Ղազարյանին, ապա նրան հավաքական չհրավիրելը մարզիչի որոշումն է եղել:
Երեւանի կենտրոնում այսօր բողոքի ակցիա են արել «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության 13 անդամները: Նրանք ձեռնաշղթաներով եւ բանտարկյալի հագուստով քայլել են դեպի ՀՔԾ, ԱԱԾ, ապա կառավարություն՝ պահանջելով ազատ արձակել Գեւորգ Սաֆարյանին եւ մյուս քաղբանտարկյալներին: Ոստիկանների եւ կին ցուցարարների միջեւ երկու անգամ բախում է եղել: Կանայք պնդում էին, որ ոստիկանները փորձում են խոչընդոտել երթը:
Հայաստանի քաղաքացիները կարող են մոտեցնել թոշակի անցնելու ժամանակը: Նման հնաարավորություն տալիս է կենսաթոշակի կուտակային համակարգը, որը պարտադիր կդառնա 2017թ. հուլիսից: Եթե քաղաքացին մինչեւ 55 տարեկանը հասցնի 19.2 մլն դրամ կուտակել, ապա կարող է այլեւս չաշխատել, նրա նվազագույն կենսաթոշակը ապահովված կլինի: Ի դեպ, ձեր կուտակային հաշվի գումարը կարող եք ստուգել Հայփոստի եւ բանկերի մասնաճյուղերում:
Երեւանում արդեն սկսել են Զատկի տոնի պարագաներ վաճառել: Գները տարբեր են՝ 20 դրամանոց արհեստական հավկիթներից մինչեւ 13 հազար դրամանոց այս վանդակը: Առեւտրականները դժգոհում են` այս տարի առեւտուր չկա, կարծում են ՝պատճառն այն է, որ մարդկանց ձեռքը փող չկա:
Զատկի տոնին ընդառաջ վաճառվող գունավոր հավի ճտերը խաղալիք չեն, թույլ մի տվեք, որ երեխաները խաղան դրանցով՝ հորդորում են կենդանաբույժները: Վերջին օրերին ավելացել են ահազանգերը, որ շուկայից գնված բազմերանգ ճտերը մի քանի օրից սատկում են: Մասնագետներն ասում են՝ ձվից նոր դուրս եկած ճտերին հատուկ ջերմաստիճան եւ սնունդ է անհրաժեշտ, ինչը տան պայմաններում հնարավոր չէ ապահովել:
Օբամայի Կուբա կատարած այցից ամենահիշարժան կադրերը Ռաուլ Կաստրոյի հետ ասուլիսից են: ԱՄՆ նախագահը փորձել է ի նշան բարեկամության ձեռքը Կուբայի առաջնորդի ուսին դնել, վերջինը կամ նրան չի հասկացել, կամ էլ իր համար նախընտրելի ժեստն է թելադրել՝ Օբամայի ձեռքը բռնելով:
Դոլարի անկումը շարունակվում է: Այսօր այն արդեն 479 դրամ արժեր: Մյուս հիմնական արտարժույթները նույնպես էժանացել են: Եվրոյի փոխարժեքը կազմել է 536, բրիտանական ֆունտինը՝ 679, ռուսական ռուբլունը՝ 7.09 դրամ:
Հայաստանի տարածքում մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով: Երեւանում այս գիշերը կլինի մինչև 4, իսկ վաղը ցերեկը՝ մինչև 17 աստիճան տաքություն։











