Մարտի 23-ին կյանքից հեռացել է հայ օպերային երգիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերային եւ բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը։
Տենորի գործընկերներն են եղել այնպիսի հայտնի երգիչներ, ինչպիսիք են Պլասիդո Դոմինգոն, Նիկոլայ Գյաուրովը, Մարիա Բիեշուն, Կատյա Ռիչարելլին, Լյուչիա Վանելտինի-Տերրանին։
Գրիգորյանը կատարողական վարպետությամբ փայլել էր Մեծ եւ Մարիինյան թատրոններում, Վիլնյուսի օպերային թատրոնում։ Նա ելույթ է ունեցել «Քովենթ Գարդեն», «Օպերա Մոնպելիե», «Մետրոպոլիտեն Օպերա», «Լա Սկալա», «Օպերա Մոնտե Կառլո», «Լա Ֆենիչե» բեմերում։
NEWS.am-ը ներկայացնում է արտիստի տարբեր հարցազրույցներից վերցրած 15 մեջբերումներ եւ նրա անձնական արխիվից բացառիկ լուսանկարներ։

Պապաս միշտ ուզում էր, որ ես ջութակ նվագեմ։ 5 տարեկանում խաբեցին, քսիլաֆոն առան, բերեցին, ասացին՝ Էս ջութակ ա, ջութակ, որ ես սկսեմ նվագել։ 6 տարեկանում նոր տարան ջութակի։ Մինչեւ հիմա ջութակ նվագելը շատ օգնում է ինձ: Երգիչը պետք է երաժիշտ լինի։

Նվիրվածություն, աշխատասիրություն, լավ դասատու․ դա հաջողության 80 տոկոսն է։

Իմ մաթեմատիկայի դասատուն մամայիս ու պապայիս ասում էր․ «Ափսոսա ա էս էրեխեն, որ տանում եք երգելու»։

Ես փոքր սերունդ վերցրի, որ գնան առաջ։ Այսօր կոֆե խմողներ են դառել, որովհետեւ բան չունեն երգելու։ Աշխատել է պետք, իսկ եթե չունեն աշխատանք, ի՞նչ անեն։

Ամենավտանգավոր բանը թատրոնում, երբ դերասանները չեն աշխատում: Դեգրադացիա է սկսվում։

Կոչումներին միշտ հանգիստ եմ վերաբերվել։ Ինքս երբեք չեմ խնդրել ոչ մի կոչում։

Այն երկիրը, որն ունի լավ օպերային թատրոն, զարգացած երկիր է։

Ո՞վ չի դիմանում փառքին։ Նույն մարդիկ, որոնք չեն դիմանում փողին։ Մի քիչ փողը շատանում է, լեզուն՝ երկարում։

Մեր ժամանակ հարցերը տղամարդու պես էին լուծում։ Էսօրվա պես չէ։ Այսօր ղզիկներ են աճեցնում։

Երկար մնացել եմ ե՛ւ Լոնդոնում, եւ՛ Միլանում, եւ՛ Հռոմում, եւ՛ Բուենոս Այրեսում, բայց եթե ընտրեի՝ որտեղ ապրել, ապա միայն Երեւանում։

Հայը ո՞վ է, նամուսով տղա է։

Լավ կլիներ, եթե թիթիզությունը վերանար։ Մի պահ մեր մարդիկ կանգնեին, մտածեին՝ իրենք ով են։ Մեր լավ կողմերի մասին խոսում են էն մարդիկ, որոնք էտ կողմերը չունեն։ Ով ունի, նա համեստ է, գիտի, որ ամեն ազգում կան համ լավ, համ վատ բաներ։ Կենցաղային մշակույթը մեզ մի քիչ պակասում է։ Եթե ավտոյի համարի համար փող են տալիս, ուրեմն մի հիվանդություն կա ազգի մեջ։

Համ խիստ, համ փափուկ ծնող եմ։ Այսօր էրեխեքի հետ դժվար է, չգիտես՝ ինչ անես։ Օրինակ, երբ հերս նայում էր, մենք պատին էինք կպնում։

Շատ հաճախ ավանդույթները խանգարում են առաջ գնալ:

Ես երազում եմ սեփական թատրոնը կառուցելու մասին: