ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները պետք է պատրաստվեն հնարավոր ռազմական գործողությունների ոչ միայն Երկրի ուղեծրում, այլև Լուսնի մերձակայքում։ «The Guardian»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է սեպտեմբերի 16-ին Վաշինգտոնի մերձակայքում կայացած «Երկինք, տիեզերք և կիբերնետիկա» համաժողովի ժամանակ։

Մերձլուսնային տարածություն

Քեյնի խոսքով՝ ԱՄՆ զինված ուժերը պետք է արդեն իսկ հարմարվեն նոր իրողություններին, որպեսզի պատրաստ լինեն գործել, դիմակայել ու հաղթել՝ «սկսած ծովի հատակից մինչև մերձլուսնային տարածություն»։ Մերձլուսնային տարածությունը Երկրի մակերևույթի և Լուսնի միջև ընկած տիրույթն է։

ԱՄՆ Տիեզերական ուժերի մարտական հրամանատարության պետ, գեներալ-լեյտենանտ Գրեգորի Գանյոնը լրագրողների հետ զրույցում առանձին նշել է, որ ծառայությունը պատրաստվում է տիեզերքում և Լուսնի մերձակայքում հնարավոր գործողություններին։ Ըստ նրա՝ դա պայմանավորված է նրանով, որ մարդկությունն ավելի ու ավելի է խորանում տիեզերական տարածությունում, իսկ Տիեզերական ուժերի խնդիրն ԱՄՆ-ի շահերի պաշտպանությանը նախապատրաստվելն է։

Ուղեծրային սպառազինություն

Քեյնի հայտարարությունը հնչեց այն բանից մի քանի օր անց, երբ ԱՄՆ ռազմաօդային ուժերի քարտուղար Թրոյ Մեյնքը նույն համաժողովի ժամանակ հայտնեց, որ Միացյալ Նահանգները տիեզերական տարածությունը վերահսկելու նպատակով ուղեծրում սպառազինություն է տեղակայել։

Գանյոնը նշել է, որ ԱՄՆ հետախուզական հանրույթը նախազգուշացրել էր պատերազմը տիեզերք տեղափոխելու՝ հավանական հակառակորդների ձգտումների մասին։ Նման պետությունների շարքում նա առանձնացրել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը։ Չինաստանը 2024 թվականին ստեղծել է սեփական ռազմատիեզերական ուժերը, որոնց հանձնարարվել է մեծացնել տիեզերական ճգնաժամերը կառավարելու կարողությունը։

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գո Ցզյակունը, մեկնաբանելով տիեզերքում ամերիկյան սպառազինության առկայության մասին լուրերը, հայտարարել է, որ Պեկինը կողմ է տիեզերական տարածության խաղաղ օգտագործմանը, դեմ է դրա ռազմականացմանը և ԱՄՆ-ին կոչ է անում դադարեցնել ռազմական պատրաստությունների ծավալումը տիեզերքում։

Միջազգային պայմանագրեր և ուժերի ընդլայնում

Առայժմ պարզ չէ՝ արդյոք տիեզերքում սպառազինության տեղակայումը կամ դրա հնարավոր կիրառումը Լուսնի մերձակայքում կհակասեն միջազգային պայմանագրերին։ 1967 թվականի՝ Տիեզերքի մասին պայմանագիրը, որը ստորագրել են ԱՄՆ-ն ու Չինաստանը, նախատեսում է երկնային մարմինների, այդ թվում՝ Լուսնի օգտագործումը բացառապես խաղաղ նպատակներով և արգելում է տիեզերքում միջուկային զենքի տեղակայումը։

Գանյոնը նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա հինգ տարում կրկնապատկել Տիեզերական ուժերի թվակազմը՝ հասցնելով այն շուրջ 25 հազար զինծառայողի։ Այս համալրման մոտ երկու երրորդը նախատեսվում է ուղղել Մարտական ուժերի հրամանատարությանը։