2015 կամ 2016 թվականին ռուսական հեռուստաալիքներից մեկի թոք-շոուի ժամանակ Հայաստանը համեմատել էին «լևի գնացող կնոջ» հետ։ Սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովի նիստում՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկման ժամանակ, այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ելույթը, ով ավելի վաղ նմանօրինակ համեմատություն էր արել։
«Կոնտեքստը չեմ հիշում, բայց, անկասկած, նման հայտարարություն եղել է։ Հայաստանում դժգոհության մեծ ալիք էր բարձրացել»,- նշել է ԱԺ փոխնախագահը։
Ռուբինյանը հավելել է, որ արտաքին կամ միջազգային հարաբերությունները որևէ կապ չունեն սիրո հետ։
«Միջազգային հարաբերությունները կապված են տնտեսական, պաշտպանական կամ անվտանգային շահերի հետ։ Միջազգային հարաբերությունները հիմնված չեն որևէ զգացմունքի վրա»,- ընդգծել է խորհրդարանի փոխնախագահը։



























