Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պայմանավորվել են համատեղ նախաձեռնություններ մշակել։ Հանդիպումը կայացել է Սյունիքում։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից։
Կողմերը քննարկել են նաև միջմարզային համագործակցության զարգացման և Սյունիքի մարզի արդյունաբերական ու սոցիալ-տնտեսական զարգացման համար ռուսական ներդրումների ներգրավման հեռանկարները։
Հանդիպման մասնակիցները կոնկրետ առաջարկներ են ներկայացրել մոնոքաղաքների զարգացման, փոխշահավետ նախագծերի ֆինանսավորման, թվային տեխնոլոգիաների ներդրման և զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։
Քննարկմանը մասնակցել են Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Ա․ Իվանովան և Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցչության ղեկավար Վ․ Ենոքյանը։




























