Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը հայտնել է սեռական բռնության  նոր մեղադրանքների մասին, որոնք առաջ են քաշվել առաքելության ծառայողների եւ աշխատակիցների դեմ: 

Խոսքը 2014-ից 2015-ի ժամանակահատվածում Կեմոյի շրջանում բռնության ենթադրյալ դեպքերի մասին է: ՄԱԿ-ը խոստացել է հետաքննություն անցկացնել: Սա ՄԱԿ-ի խաղաղապահների նկատմամբ համանման մեղադրանքների արդեն առաջին դեպքը չէ, հայտնում է   BBC-ի ռուսական ծառայությունը: 

Ավելի վաղ հաղորդագրություններ էին ստացվել խաղաղապահ առաքելության ծառայողների կողմից տեղի բնակիչների բռնաբարությունների եւ շահագործման վերաբերյալ: 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի զեկույցում ասված է, որ  2015-ին խաղաղապահների դեմ սեռական բռնության  69 մեղադրանք է առաջադրվել եւ այդ մեղադրանքների մեկ երրորդը վերաբերում է Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունում առաքելությանը: 

Երկու շաբաթ առաջ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը որոշում է ընդունել, որը թույլ է տալիս երկրից հետ կանչել խաղաղապահ ամբողջ ստորաբաժանումը առանձին զինվորականների սեռական հանցագործությունների համար մեղադրելու դեպքում: Որոշում է ընդունվել նաեւ խաղաղապահ ուժերի բոլոր ծառայողների ԴՆԹ տվյալների բազա ստեղծել: