Պետք է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ի մի բերել եւ դիմել միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ քրեական գործ հարուցելու համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, Ազգային ժողովում ասել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ապրիլի 2-ից ԼՂ-ի հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձություններին:

«Ես կոչ եմ անում մասնագետներին համախմբվել եւ Ադրբեջանի իշխանությունների դեմ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջոցով կամ այլ ձեւերով միջազգային քրեական գործ հարուցելու համար»,-նշեց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ ինքը՝ որպես մասնագետ, կարծում է, որ պատերազմական հանցագործություններ են տեղի ունեցել եւ այսօր էլ շարունակում են. «Դրանք պետք է փաստաթղթավորել եւ միջազգային ատյաններում հայց սկսել Ադրբեջանի դեմ: Դիվանագիտական ոլորտում հայտարարություններն էլ պետք է իրականություն դարձնել»:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ից գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Պարբերաբար կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սրանք ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։