Մոսկվայում ապրիլի 5-ին հանդիպել են երկու պետությունները զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերն ու ձեռք է բերվել կրակի դադարեցման պայմանավորվածություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի փոխօգնության պայմանավորվածության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունից կամավորական շարժմամբ, ինչպես նաեւ համապատասխան միջոցառումների իրականացման պայմաններում, այսօր Պաշտպանության բանակի մարտունակության աստիճանը, մարտական կարողությունները, պաշտպանության ընդհանուր առմամբ ձեւավորված դասավորվածությունը, պաշտպանության բանակի ծավալումը համապատասխան հատվածներում եւ նրա պատրաստականության աստիճանը թույլ են տալիս ասելու, որ նրանք պատրաստ են այսօր պատրաստության եւ ոչ միայն պատրաստության, այլեւ հակառակորդի կողմից հետագա գործողությունների կանխարգելման ուղղությամբ՝ արձագանքելու ցանկացած գործողության, եւ կարող եմ ասել՝ դեռ ավելին»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։

Նշենք, որ ապրիլի 5-ին ժամը 12:00-ից շփման գծում իրավիճակը համեմատաբար կայունացել է: