Պետք է փակել Սիրիայում եւ Իրաքում ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության ֆինանսավորման աղբյուրը: Նման կոչով է միջազգային հանրությանը դիմել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան` Ժնեւում ելույթ ունեցնալով բռնի ծայրահեղականության կանխարգելմանը նվիրված համաժողովին: 

Նա ԻՊ-ի գրոհայիններին «սարսափելի, ահասարսուռ մարդիկ» է կոչել, որոնք «ֆինանսավորման նոր աղբյուրներ են գտել»: «Պետք է խոսել նրանց դեմ զինված ուժի օգտագործման մասին, ոչ թե միայն խոսքով պայքարել նրանց դեմ: Ֆինանսները` հետո: Գիտեք, որ նրանք եւ Սիրիայում, եւ Իրաքում եւ այլ վայրերում ֆինանսավորման նոր աղբյուրներ են գտել: Պետք է վերջ դնել դրան», - ասել է ՄԱԿ-ի հանձնակատարը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Դե Միստուրան հայտնել է, որ ԻՊ-ի ֆինանսավորման դեմ պայքարի հարցը ապրիլի 7-ին բարձրացվել է Սիրիայի հարցերով նպատակային աշխատանքային խմբի հերթական նիստին, որը տեղի է ունեցել Ժնեւում:   «Մենք շատ գոհ ենք նրանից, որ հաջողվել է հետ գրավել Պալմիրան, նրանից, ինչ ռուսաստանցիներն այժմ անում են այնտեղ: Մենք կարողացել ենք խոսել այն մասին, թե ինչ է պետք անել ԻՊ-ին  ֆինանսավորման աղբյուրներից զրկելու համար: Նրանց հնարավոր է կանգնեցնել, պետք է անել դա», - եզրակացրել է հատուկ դեսպանորդը: