ՀՀ արդարադատության նախարարությունը ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցում է նոր Ընտրական օրենսգրքի նախագծի համատեքստում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարությունից NWES.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, այլք:
Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ ներկայիս փոխգործակցությունը եւ նշել, որ այժմ էլ կառույցները համագործակցում են Մարդու իրավունքների ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի, ինչպես նաեւ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի համատեքստում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են էլեկտրոնային քվեարկության մեխանիզմի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով ՄԱԿ-ի գործընկերների հետ ստեղծած հանձնախմբի աշխատանքներին, ընտրական գործընթացն առավել վստահելի դարձնելուն ուղղված մի շարք հարցերի:
Ջեֆրի Ֆելթմանը շնորհակալություն է հայտնել նախարարին ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության հետ ակտիվ համագործակցության եւ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ աշխատանքները հնարավորինս թափանցիկ եւ ներառական կազմակերպելու համար:





























