Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ ապրիլի 11-ին, Երեւան ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի հետ հանդիպմանը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետեւանքները:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորել է ռազմական գործողությունների անթույլատրելիության մասին միջազգային հարնության հստակ դիրքորոշումը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը խոր մտահոգություն հայտնեց հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված՝ նշելով, որ ՄԱԿ-ն իր միասնական դիրքորոշումն արտահայտել է՝ անվերապահ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։
Հանդիպման օրակարգում էին Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումները, միգրացիոն ճգնաժամին առնչվող խնդիրներ։
Զրուցակիցները քննարկեցին ՄԱԿ-ում Հայաստանի ներգրավվածությանը վերաբերող հարցեր, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից Հայաստանում իրականացվող արդյունավետ ծրագրերը:
Հանդիպումից հետո ստորագրվեցին ՀՀ եւ ՄԱԿ միջեւ առաջիկա չորս տարիների՝ տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջեւ երկրում համագործակցության ծրագրի գործողությունների ծրագիր 2016-2020, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված ազգերի բնակչության հիմնադրամի միջեւ երկրում Միավորված ազգերի բնակչության հիմնադրամի գործունեության ծրագիր 2016-2020, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջեւ երկրում Միավորված ազգերի մանկական հիմնադրամի գործունեության ծրագիր 2016-2020):




























