Թեեւ Բելառուսի  դաշնակից Ռուսաստանը խիստ լարված հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ, թեեւ Բելառուսը ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ անդամ է ու ապրիլի 15-ին Երեւանում ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստն է, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) 13-րդ համաժողովին։

Զավեշտալի է, սակայն Բելառուսն է միակ քրիստոնյա երկիրը, որը հրավիրված է ԻՀԿ-ի համաժողովին։ Իսկ ավելի զավեշտալի է, երբ Բելառուսի նախագահը ողջագուրվել եւ գեղեցիկ խոսքեր է ասել իր ընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի անձնական թշնամին դարձած Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Ավելին, Բելառուսի նախագահը անտեսել է այն հանգամանքը, որ իր դաշնակից Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է բելառուսական Belta.by կայքը, Բելառուսի նախագահը Էրդողանի հետ քննարկել է տնտեսական ու քաղաքական համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղիները։

Նշենք, որ Բելառուսի պաշտոնական պահվածքը վերջին շրջանում անհասկանալի երանգներ է ստացել։  Արժե հիշատակել, որ Արցախում ադրբեջանական ագրեսիայի օրերին, Բելառուսի ԱԳՆ-ը աջակցություն էր հայտնել Ադրբեջանին, ինչի կապակցությամբ Հայաստանում Բելառուսի դեսպանին կանչել էին Հայաստանի ԱԳՆ եւ զգուշացրել, որ ման հայտարարությունը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն և հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին, վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ խրախուսելով ուժի կիրառումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: