Թռչող մակարոնե հրեշի եկեղեցու հետեւորդ զույգը առաջինն է, որի ամուսնությունը գրանցվել է Նոր Զելանդիայում Թռչող մակարոնե հրեշի եկեղեցում։ Թոբի Ռիքեթսի եւ Մարիաննա Յանգի ամուսնությունը տեղի է ունեցել չարտերային ծովահենային նավում։

Փեսացուն եւ հարսնացուն ծովահենի հագուստով են եղել։
«Ես այլ կերպ չէի ամուսնանա։ Ավանդական ամուսնությունը պարզապես չի քննարկվել»,-ասել է հարսնացուն, հաղորդում է Deutsche Welle-ն՚

«Սա պաշտոնական խոստովանություն է, որ մենք եկեղեցի ենք, եւ դա ուղղակի հրաշալի է»,-հայտարարել է Թռչող մակարոնե հրեշի եկեղեցու կողմնակից Քարեն Մարթինը։

Նրա խոսքով, Նոր Զելանդիայում այս եկեղեցու բազմաթիվ կողմնակիցներ են ցանկանում պսակադրվել հենց այդ եկեղեցում։ Նրանց շարքում կան նաեւ նույնասեռ զույգեր։

Նոր Զելանդիայի իշխանությունները մարտի 1-ին պաշտոնապես թույլ են տվել Թռչող մակարոնե հրեշի եկեղեցուն հարսանեկան արարողություններ իրականացնել։

Նշենք, որ Թռչող մակարոնե հրեշի եկեղեցին ծաղրական կրոն է, որի հիմնադիրը ֆիզիկոս Բոբի Հենդերսոնն է: Կրոնի հետեւորդները համոզված են, որ աշխարհը  ստեղծել է ինչ-որ մի «գիտակից արարած»: Ըստ նրանց՝ իրենց արարիչը մակարոնի եւ մսագնդիկի տեսք ունի։ Այս ուսմունքի առաջին հետեւորդները ծովահեններն են  եղել: