Իտալական ոստիկանությունը ձերբակալել է Նեապոլի «Կամորրա» հանցավոր խմբավորման ղեկավարին: Նա ինքն է բացել դուռը, երբ ոստիկանները որպես պիցցայի առաքիչներ նրա տուն են այցելել:

Corriere della Sera պարբերականի հաղորդմամբ, ոստիկանությունը վերջապես կարողացել է 34-ամյա Ռոբերտո Մանգանիելլոյի գտնվելու վայրը պարզել: Իրավապահներն օգտվել են առիթից, որ «Նապոլի»-«Ինտեր» ֆուտբոլային հանդիպումը դիտելիս Մանգանիելլոն որոշել է պիցցա պատվիրել:

Ըստ ՌԲԿ-ի, Մանգանիելլոն, որը համարվում է երկրի ամենավտանգավոր հանագործների մեկը, զինված չի եղել եւ չի դիմադրել ոստիկաններին:

«Կամորրա»-ի ղեկավարին հետախուզում էին նաեւ կրկնակի սպանության համար, որը նա իրագործել է 2004 թվականին:

Դեռեւս անցյալ դարի կեսերին ստեղծված «Կամորրա»-ն համարվում է Եվրոպայի խոշորագույն հանցավոր խմբավորումներից մեկը: 2011 թվականին ոստիկանությունը մեծ հարված հասցրել խմբավորմանը՝ ձերբակալելով Կազալեզի կլանի ներկայացուցիչներին, իսկ 2014-ին կարողացավ ձերբակալել Կոնտինի կլանի շուրջ 100 անդամի, որոնք մասնակցել են Իտալիայի տարածքում եւ Եվրոպայի մի շարք այլ երկրներում իրականացված բազմաթիվ հանցագործությունների: