Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունում (ԿԱՀ) ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրկված Մարոկկոյից խաղաղարարը զոհվել է երկրի հարավարեւելյան Ռաֆայ քաղաքի մերձակայքում զինյալների հարձակման հետեւանքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ապրիլի 18-ին լրագրողներին հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Նրա խոսքով, դեպքը տեղի է ունեցել, երբ առաքելության պարեկներին ուղարկել են Ռաֆայ՝ «Աստծո հակազդեցության բանակ» խմբավորման անդամների կողմից Ագումար գյուղի վրա հարձակմանն ի պատասխան:
Ըստ Դյուժարիկի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ցավակցել է զոհվածի հարազատներին եւ Մարոկկոյի իշխանություններին, ինչպես նաեւ մատնանշել ՄԱԿ-ի խաղաղարարների դեմ հարձակումների անթույլատրելիությունը: «Նա ԿԱՀ-ի նորընտիր կառավարությանը կոչ է արել ապահովել, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է Ստեֆան Դյուժարիկը:



























