Եթե իմանայինք այն հարցի պատասխանը, թե ինչպես է հնարավոր կանխարգելել ցեղասպանությունը, աշխարհն ուրիշ կլիներ: Այդ մասին հայտնել է իրավապաշտպանների հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Հինա Ջիլանին  «Aurora Dialogues» քննարկումների բացմանը:

«Ես համամիտ եմ, որ յուրաքանչյուր մարդ պատասխանատու է մարդկանց ճակատագրի համար: Միայն պետությունը չէ պատասխանատու փախստականների համար: Առանձին մարդիկ շատ մեծ չարիք են գործում: Բայց մենք պիտի հավատանք եւ պետություններին կոչ անենք գործելու եւ քաղաքացիներին կոչ անենք գործելու եւ հարց տալու, թե ընդհանրապես ինչու ենք պետությանը լայն լիազորություններ տալիս: Մի՞թե ոչ նրա համար, որ կարողանա պաշտպանել:  Պետությունը ոչ միայն չարաշահում է տնտեսական իշխանությունը, այլեւ քաղաքական բռնություն է կիրառում: Մարդու իրավունքների յուրաքանչյուր առանձին խախտում ոչ պակաս կարեւոր է, քան զանգվածայինը: Անարդարություն թույլ չպիտի տրվի», - ասել է նա:

Նրա խոսքով, միջազգային քաղաքականությունը միջամտության քաղաքականություն է:   «Ես մարդասիրական միջամտության կողմնակից եմ, բայց այն պիտի օրինական լինի, իսկ դրա համար անհրաժեշտ է օրինական չափանիշների համակարգ մշակել եւ մտածել այն մասին, թե ինչպիսին կլինեն նման միջամտության հետեւանքները: Երկխոսություն է անհրաժեշտ, որքան ժամանակ էլ խլի այն», - ընդգծել է նա:

Այս համատեքստում Հինա Ջիլանին նշել է ՄԱԿ-ի դերը, չնայած այն թերահավատությանը, որով երբեմն վերաբերվում են այդ կազմակերպությանը: «Անհրաժեշտ է փոխել ՄԱԿ-ի կառուցվածքը: Չի կարելի, որ ինչ-որ երկրներ տիրապետեն կազմակերպությունում: Անհրաժեշտ է ՄԱԿ-ը մոտեցնել մարդկանց, ոչ թե պետություններին, այլ մարդկանց, որպեսզի այն արտացոլի մարդկանց կամքը, ոչ թե պետությունների, որպեսզի ավելի բաց լինի եւ ավելի ազդեցիկ», - եզրակացրել է նա: