ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան ընդգրկել է երեխաների իրավունքները ոտնահարող պետությունների եւ խմբավորումների «սեւ ցուցակում» Եմենում մարտական գործողությունների ժամանակ անչափահասների սպանության պատճառով, հայտնում Reuters-ը:

Կազմակերպության գնահատմամբ՝ կոալիցիան պատասխանատվություն է կրում 510 երեխայի մահվան համար, ինչը կազմում է հակամարտության ընթացքում զոհված երեխաների 60 տոկոսը: Կոալիցիայի գործողություններից տուժել է եւս 667 երեխա:

«Եմենում հակամարտող երկու կողմերը՝ հուսիները եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան, թույլ տված խախտումների պատճառով հայտնվել են ցուցակում սպանությունների, վիրավորումների եւ դպրոցների ու հիվանդանոցների վրա հարձակումների համար»,- ասել է Բան Կի Մունը:

Գործակալությունը նշում է, որ հուսիներն այդ ցուցակում են արդեն 5 տարի:

Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը «Անսար Ալլահ» շիական շարժման ապստամբ հուսների, նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի նկատմամբ լոյալ տրամադրված բանակի մի հատվածի ու նրանց կողմից վտարված նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի զորքերի միջեւ, որոնց աջակցում է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան: