Աշխարհում հետեւողական տեմպերով աճում է էկոլոգիական հանցագործությունների թիվը, ասված է համատեղ զեկույցում, որ նախապատրաստել են ՄԱԿ-ը եւ Ինտերպոլը: Նման հանցագործությունները կապված են բնական պաշարների անօրինական շահագործման հետ` անտառների կտրման, օգտակար հանածոների արդյունահանման, ձկնորսության եւ գործունեության այլ տեսակների հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այսօր նման հանցագործություններից ընդհանուր վնասը կազմում է 91 մլրդ դոլարից մինչեւ 258 մլրդ դոլար: 2014-ին այդ հանցագործությունների ծավալը գնահատվում էր 70-213 մլրդ դոլար: Այժմ դա թմրանյութի առեւտրից, կեղծ արտադրանքի պատրաստումից եւ ստրկավաճառությունից հետո հանցավոր գործունեության չորրորդ խոշոր ոլորտն է:
Հանցագործներն այդ ոլորտում խոշոր եկամուտ են ստանում, իսկ նման հանցագործություններն ի հայտ բերելը բավականին բարդ է:
Նման հանցագործությունների լայն տարածման պատճառը թույլ օրենքներն են եւ վատ ֆինանսավորվող իրավապահ մարմինները, որոնք չեն կարողանում խանգարել անօրինականորեն ձեռք բերված ռեսուրսների առեւտրին:
Բացի այդ, նման բիզնեսից եկամուտ են ստանում հանցավոր խմբավորումները: Հաճախ այդ գումարներն օգտագործվում են ահաբեկչությանն աջակցության համար, զգուշացնում են ՄԱԿ-ը եւ Ինտերպոլը:




























