ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովն 8-րդ անգամ անընդմեջ Աբխազիայից եւ Հարավային Օսիայից փախստականների հարցով բանաձեւ է ընդունել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Վրաստանի առաջարկած բանաձեւի նախագծին կողմ է քվեարկել 76 պետություն, դեմ՝ 15-ը, իսկ 64-ը՝ ձեռնպահ: Փաստաթղթի ընդունման դեմ են հանդես եկել Ռուսաստանը, Հայաստանը, Վիետնամը, Վենեսուելան, Կուբան եւ մի շարք այլ երկրներ:

Բանաձեւը «ճանաչում է բոլոր ներքին տեղահանված անձանց եւ փախստականների ու նրանց ժառանգների վերադարձի իրավունքը՝ անկախ էթնիկ պատկանելությունից, Վրաստանի ամբողջ տարածք, այդ թվում՝ Աբխազիա եւ Ցխինվալի շրջան (Հարավային Օսիա)», ինչպես նաեւ ընդգծում է, որ անհրաժեշտ է «պահպանել Վրաստանում հակամարտություններից տուժած ներքին տեղահանված անձանց եւ փախստականների գույքային իրավունքը»:

Հերթական անգամ Գլխավոր վեհաժողովը կոչ է արել Վրաստանում հակամարտությունների հետեւանքով տուժած տեղահանվածների եւ փախստականների վերադարձի ժամանակացույց մշակել: