Մարդու իրավունքները պետք է հակամարտային իրավիճակների կարգավորման ընթացքում ուշադրության կենտրոնում լինեն: Այդ մասին հայտնել  է Շվեյցարիայի միջազգային գործերով դաշնային դեպարտամենտի դաշնային խորհրդական (արտգործնախարար) Դիդյե Բուրկհալտերը, Ժնեւում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի  32-րդ նստաշրջանի բացմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Այսօր` հունիսի 13-ին իմ երկիրը` Շվեյցարիան որոշել է կոչ հնչեցնել ամբողջ միջազգային հանրությանը` ձեզ բոլորիդ: Մենք կոչ ենք անում միավորել ՄԱԿ-ի այս հիմնասյուները եւ բարելավել փոխկապվածությունը Ժնեւի եւ Նյու Յորքի միջեւ, մարդու իրավունքների եւ անվտանգության: Այդպիսով մենք կկարողանանք իրական առաջընթացի հասնել պատերազմների եւ տառապանքների կանխարգելման ընդհանուր գործում», — ասել է նա:

Նրա խոսքով, Շվեյցարիայի կոչը` «մարդու իրավունքները դնել հակամարտությունների կանխարգելման կենտրոնում» երեք կոնկրետ միջոց է ներառում:   Դա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի  եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջեւ ուժեղացված փոխազդեցությունն է, հակամարտությունների կանխարգելման ռեժիմի ուժեղացումը մատչելի տեղեկատվության ավելի լավ օգտագործման միջոցով, որը պետք է կանոնավոր հիմքով տրամադրվի ՄԱԿ-ի ԱԽ-ին Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի ճեպազրույցի տեսքով: Ինչպես նաեւ մարդու իրավունքների ավելի լավ ներառում  ամբողջ գործունեության մեջ, որն ուղղված է հակամարտությունների կանխարգելմանը: Բեռնի տվյալ առաջարկներին արդեն աջակցում է ՄԱԿ-ի  63 պետություն:

Բուրկհալտերը նաեւ հայտնել է, որ Շվեյցարիան խստորեն դատապարտում է ահաբեկչական գործողությունը, որը նախօրեին տեղի է ունեցել Օռլանդոյում, որտեղ Գեյ-ակումբում հրաձգության հետեւանքով    50 մարդ զոհվել է եւ 53 մարդ` վիրավորվել:   

«Մենք պետք է շարունակենք մեր պայքարը եւ ահաբեկչության կանխարգելումը` պաշտպանելու մեր քաղաքացիներին եւ մեր ազատությունները», — նշել է նա:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով 32-րդ նստաշրջանն ընթանում է Ժնեւում` հունիսի 13-ից մինչեւ հուլիսի 1-ը: Դրա ընթացքում, մասնավորապես, նախատեսված է գնահատել մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում, Թուրքիայում, Բուրունդիում, Էրիթրեայում, Հարավային Սուդանում եւ այլ երկրներում: Բացի այդ, 47 մասնակից պետություն կքննարկի կանանց իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, միգրանտների եւ ռասիզմի ու ամեն տեսակի խտրականության դեմ պայքարի հարցեր: