ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը միջազգային իրավունքի խախտումների մասին տեղեկություններ է ստացել՝ կապված ԼՂ հակամարտության շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների էսկալացիայի հետ, հատկապես ապրիլին: Այս մասին նշված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնի «Ատելությունը գլխավոր տեղ է զբաղեցնում» զեկույցում:
Նա, մասնավորապես, նշել է, որ մարդկանց իրավունքները առաջվա նման ոտնահարվում են Հարավային Կովկասում ձգձգված հակամարտությունների պատճառով, ինչը վաղուցվանից իրենց գրասենյակի խնդիրներից մեկն է:
«Զգալի ջանքեր են անհրաժեշտ բռնի տեղահանվածների վիճակի խնդրի կարգավորման համար: Իմ գրասենյակը պատրաստ է աջակցություն ցուցաբերել տուժած շրջաններում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների մասին օբյեկտիվ տեղեկատվություն հավաքելու հարցում»,-նշել է նա:





























