Հուլիսի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը առաջին նախնական քվեարկությունը կանցկացնի համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրությունների ընթացակարգի շրջանակում` կրճատելու այդ պաշտոնի համար թեկնածուների ցուցակը: Այս պահին նրանք  11-ն են:

ԱԽ-ի անդամ արեւմտյան երկրներից մեկի դիվանագետը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ քվեարկությունը կանցկացվի խստագույն գաղտնիության պայմաններում. գաղտնի խորհրդակցությունների սենյակ կթողնվեն միայն 15 անդամ պետությունների ներկայացուցիչները մեկ փորձագետի ուղեկցությամբ:  «Ոչ թարգմանիչներ, ոչ քարտուղարության ներկայացուցիչներ տարածքում չեն լինի: Նպատակն է` որեւէ արտահոսք թույլ չտալ», - ասել է գործակալության զրուցակիցը: 

Նրա խոսքով, Անվտանգության խորհրդի յուրաքանչյուր անդամի քվեաթերթիկներ կտրվեն քվեարկության համար   (յուրաքանչյուր թեկնածուի համար` մեկական), որոնցում առաջարկված կլինի երեք տարբերակ` «աջակցում եմ», «չեմ աջակցում», «կարծիք չունեմ»:  Հարցման արդյունքների մասին հրապարակայնորեն չի հայտարարվի. դրանք կփոխանցեն թեկնածուների ներկայացրած երկրների դեսպաններին: Ենթադրվում է, որ նրանք, որոնք ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրների շրջանում նվազագույն աջակցություն են վայելում, կհանեն իրենց թեկնածությունը: