Մինչեւ սեպտեմբեր պատուհան է բացվել, որպեսզի վերականգնվեն Սիրիայի վերաբերյալ բանակցությունները, որոնք միաժամանակ համադրեին ահաբեկչության դեմ պայքարը եւ քաղաքական անցման նախապատրաստությունը: Այդ մասին մամուլի ասուլիսին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Շրջադարձային պահ է հասել: Կարեւոր է թույլ չտալ, որ Սիրիան երկրորդ Լիբիա դառնա, չի կարելի Լիբիայից եւ Իրաքից դասեր չքաղել: Այդ պատճառով մենք պետք է քաղաքական անցում նախապատրաստենք», - ասել է դիվանագետը:

«Մինչեւ սեպտեմբեր պատուհան է բացված միաժամանակ ահաբեկչության դեմ պայքարի եւ քաղաքական անցման նախապատրաստության բանաձեւ գտնելու համար: Կարեւոր է միավորել այդ երկու բաղադրիչը: Չի կարելի ԻՊ խմբավորմանը հաղթել առանց քաղաքական անցման: Կարեւոր է միավորել այդ երկու բաղադրիչը` ահաբեկչության դեմ պայքարը եւ իշխանության փոխանցման քաղաքական գործընթացը», - նշել է դե Միստուրան:

Նա ընդգծել է, որ նպատակին հասնելու բանալին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համաձայնությունն է:  «Գլխավոր ապացույցը, որ դա հնարավոր է, հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագիրն է», - նշել է նա:

Դե Միստուրան նաեւ հայտնել է, որ մինչեւ բանակցությունների նոր ռաունդի սկիզբը շփումներ տեղի կունենան ՄԱԿ-ի մակարդակում, Ռուսաստանի մասնակցությամբ: