Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը հրահանգել է անհապաղ դադարեցնել մայրաքաղաք Ջուբայում զինված բախումները: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին հաղորդել է նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:

Երկրի ղեկավարը մտադիր է «շարունակել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել, ինչպես նաեւ պատրաստ է համագործակցել փոխնախագահ Ռիեկ Մաշարի հետ»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անցնող օրերին մայրաքաղաք Ջուբայում նախագահ Սալվա Կիիրին հավատարիմ ուժերի եւ Մաշարին սատարող նախկին ապստամբների միջեւ բախումների հետեւանքով 272 մարդ է զոհվել:

Միաժամանակ, Reuters-ը գրում է հուլիսի 11-ին գրանցված դաժան բախումների մասին՝ տանկերի եւ ռազմական ուղղաթիռների ներգրավմամբ: Աղբյուրը հաղորդում է ՄԱԿ-ի բազայի շրջանում հրաձգության մասին:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, երկրի ապստամբ փոխնախագահը նույնպես հայտարարել է հրադադարի մասին: