ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուները համաշխարհային կազմակերպության պատմության մեջ առաջին հեռուստաբանավեճերն են անցկացրել` ջանալով իններորդ գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը առավելագույնս բաց դարձնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Բանավեճերին, որ անցկացնում էր կատարյան «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, գլխավոր քարտուղարի պաշտոնի տասը հավակնորդ է մասնակցել: Նրանցից յուրաքանչյուրը մեկ ու կես րոպե է ունեցել իր թեկնածությունը համառոտ ներկայացնելու համար, իսկ հետո` մեկական րոպե ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի անդամների եւ բանավեճի մոդերատորների հարցերին պատասխանելու համար: Նյու Յորքում չեն կարողացել ներկա լինել Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լեյչակը (Սլովակիան հուլիսի 1-ից դարձել է ԵՄ-ի Խորհրդի նախագահ) եւ մակեդոնացի դիվանագետ Սրժան Քերիմը:
Թեկնածուներին հարցեր են տրվել այսօր աշխարհի եւ ՄԱԿ-ի առաջ կանգնած մարտահրավերների վերաբերյալ, գլոբալ զարգացման թեմաներով եւ տարբեր տարածաշրջաններում ճգնաժամերի, ՄԱԿ-ի եւ Անվտանգության Խորհրդի բարեփոխումների, կանանց համաշխարհային խնդիրների լուծման մեջ ներգրավելու, ինչպես նաեւ այն անձնական որակների վերաբերյալ, որ պետք է ունենա համաշխարհային կազմակերպության ղեկավարը:




























