Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի հերթական արձակումից հետո ԱՄՆ-ը եւ Ճապոնիան օգոստոսի 3-ին կհրավիրեն ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը:
«Մենք մտադիր ենք օրվա երկրորդ կեսին մեր ճապոնացի գործընկերների հետ ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում հրավիրել»,- ասել է Սամանթա Փաուերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան օգոստոսի 3-ի առավոտյան իրականացրել է բալիստիկ հրթիռների հերթական փորձարկումը, որոնցից մեկը ենթադրաբար հասել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուն՝ հարուցելով Տոկիոյի անհանգստությունն ու քննադատատությունը: Ճապոնացի զինվորականների հաշվարկներով՝ Հյուսիսային Կորեան 2011 թվականին Կորեայի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ինի իշխանության գալուց հետո իրականացրել է հրթիռների 30-ից ավելի արձակում՝ անտեսելով ՄԱԿ ԱԽ արգելքը հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների եւ միջուկային զենքի փորձարկումների վրա:





























