Հյուսիսային Կորեայի կողմից վերջերս արձակված հրթիռների առիթով օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) արտակարգ նիստի մասնակիցների՝ կազմակերպության հետագա քայլերի շուրջ կարծիքները կիսվել են: Այս մասին հաղորդում է DW-ն:

ԱՄՆ ներկայացուցիչ Սամանթա Փաուերն Անվտանգության խորհրդից «արագ եւ կտրուկ» արձագանք է պահանջել՝ հայտարարելով նաեւ  «խաղաղության եւ անվտանգության նկատմամբ հետագա լուրջ սպառնալիքների» մասին: Սակայն ԱԽ-ում վետոյի իրավունք ունեցող Չինաստանը դեմ է հանդես եկել Հյուսիսային Կորեայի գործողություններն անհապաղ դատապարտելուն:

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լյու Ցզեին ասել է, որ այս պահին չի կարելի այնպիսի գործողություններ ձեռնարկել, որոնք «կարող են սրել իրավիճակը Կորեական թերակղզում»:

«Իրական վտանգ կա: Մենք պետք է պատասխանատու գործենք»,- հավելել է նա: