Միգրացիայի հարցերով առաջին միջազգային գագաթնաժողովի նախօրեին Գլխավոր Վեհաժողովի անդամ երկրները համաձայնեցրել են ամփոփիչ քաղաքական հռչակագրի նախագիծը, որը կընդունեն նրա մասնակիցները:
Հռչակագրում հաստատվում են փախստականների իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները: Դրանում ասված է բոլոր պետությունների` դրանց հետեւելու պատասխանատվության մասին:
Փաստաթղթում լրջորեն դատապարտվում են ռասիզմի, օտարատյացության եւ միգրանտների եւ փախստականների նկատմամբ անհանդուրժողականության դրսեւորումները: Պետությունները կոչ են արել թույլ չտալ կարծրատիպերի քարոզչություն, այդ թվում` կրոնական հավատալիքներով պայմանավորված:
Երկրները պայմանավորվել են 2018 թվականին ընդունել Գլոբալ համաձայնագիր, որում կսահմանվեն հավասար պատասխանատվության սկզբունքները եւ ապագա լայնածավալ միգրացիոն գործընթացների կարգավորման կոնկրետ միջոցները:
ՄԱԿ-ի փախստականների վարչությունից եւ Միգրացիայի Միջազգային կազմակերպությունից ողջունել են քաղաքական հռչակագրի համաձայնեցումը որպես պետությունների` բոլոր միգրանտների եւ փախստականների իրավունքները, անկախ նրանց կարգավիճակից, պաշտպանելու վճռականության վկայություն:
Միգրացիայի հարցերով պատմության մեջ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին` Նյու Յորքում:





























