ՄԱԿ-ի փորձագետների խումբը խորը անհանգստություն է հայտնել ազատազրկման մեջ գտնվող հայտնի իրավապաշտպան Յանա Մաոդունի առողջական ծանր վիճակով: Նա արդեն երեք ամիս է` հացադուլի մեջ է: Փորձագետները Չինաստանի իշխանություններից պահանջում են նրան ապահովել անհրաժեշտ բժշկական օգնությամբ եւ ազատազրկվածի հետ համապատասխան եղանակով վարվել:
Չինացի հայտնի իրավապաշտպանը ձերբակալվել է 2013-ի օգոստոսին պաշտոնական իշխանությունների կողմից Գուաչժոու քաղաքում թերթերից մեկի նկատմամբ գրաքննության դեմ բողոքի ակցիայի ընթացքում: Նրան դատապարտել են վեց տարվա ազատազրկման` մեղադրելով, որ «մարդկանց ամբոխ է հավաքել» «հանրային կարգը խախտելու» նպատակով: «Մենք անհանգստացած ենք Գուանդուն նահանգի Յանցզյանի բանտում դատապարտվածի նկատմամբ ինչպես այլ դատապարտվածների, այնպես էլ բանտի պահապանների կողմից ստորացուցիչ եւ անմարդկային վերաբերմունքից», - ասված է փորձագետների հայտարարության մեջ:
Յան Մաոդունն արդեն երեք ամիս է` հացադուլ է անում` պահանջելով իրեն այլ բանտ տեղափոխել, որտեղ իրեն չեն ծաղրի: ՄԱԿ-ի փորձագետները ենթադրում են, որ դատապարտյալն իր իրավապաշտպանական գործունեության համար դաժան վերաբերմունքի է արժանանում: Նրան զրկում են քնից եւ պատշաճ բժշկական օգնությունից: Բանտի աշխատակիցները նկարահանում են որոշ բժշկական պրոցեդուրաներ եւ հրապարակայնացնում են: ՄԱԿ-ում ենթադրում են, որ իրավապաշտպանի եւ այլախոհի ազատազրկման վեցամյա ժամկետն ուղղակիորեն կապված է նրա խաղաղ եւ օրինական գործունեության, ինչպես նաեւ խաղաղ ցույցերի եւ Չինաստանում գրաքննության վերաբերյալ իր կարծիքի խաղաղ արտահայտման իրավունքի իրացման հետ:





























