Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն բողոք է հայտնել ՄԱԿ-ին՝ ի պատասխան երկրում թմրանյութերի դեմ խիստ պայքարի ընթացքում սկսված սպանությունների շարքը դադարեցնելու պահանջի: Դուտերտեն նաեւ սպառնացել է, որ երկիրը դուրս կգա ՄԱԿ-ից ու Չինաստանին կառաջարկի նոր միություն ստեղծել, գրում է Reuters–ը:

ՄԱԿ-ի մարդու իրավունքներով երկու փորձագետները ավելի վաղ Դուտերտեին կոչ էին արել դադարեցնել զանգվածային սպանությունները, որոնք կապակցված են Ֆիլիպիններում թմրանյութերի դեմ պայքարի լայնածավալ արշավի հետ: Այս տարվա մայիսից, երբ Դուտերտեն սկսեց իր պաշտոնավարումը, այդ պայքարի շրջանակում մոտ 900 մարդ է սպանվել:

Այդ կոչերին ի պատասխան՝ Դուտերտեն հիմար էր անվանել փորձագետներից մեկին ու առաջարկել էր հաշվել, թե քանի անմեղ մարդկանց են սպանում թմրադեղերը: Հետո նախագահը «հարձակվել էր» կազմակերպության վրա:

«Չէի ցանկանա վիրավորել ձեզ, բայց գուցե արժե, որ մենք մտածենք ՄԱԿ-ից դուրս գալու մաասին: Ինչո՞ւ պետք է մենք լսենք այդ հիմարին»,- հայտարարել էր Դուտերտեն իր հայրենի Դավաո քաղաքում անցնող գիտաժողովի ժամանակ, նկատի ունենալով կազմակերպության փորձագետներից մեկին:

Բացի դրանից, Ֆիլիպինների նախագահը ՄԱԿ-ին մեղադրել է անարդյունավետության ու անօգտակարության մեջ, նշելով, որ ՄԱԿ-ը չի կարողանում դադարեցնել Սիրիայի ու Իրաքի գնդակոծությունները: Դուտերտեն հավելել է, որ պատրաստ է Չինաստանին ու աֆրիկյան պետություններին առաջարկել մեկ այլ գլոբալ միություն ստեղծել: