Ֆրանսիայի լողափներում բուրկինի կրելու արգելքը  պետք է անմիջապես վերացվի: Նման կոչով է ֆրանսիական ամառանոցային քաղաքների իշխանություններին դիմել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը (ՄԻՀԳՎ), հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Այդ վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը Ժնեւում տեղի ունեցած ճեպազրույցին ողջունել է Ֆրանսիայի Պետական խորհրդի որոշումը, որն օգոստոսի  26-ին ուժը կորցրած է համարել Վիլնյով-Լյուբե քաղաքի քաղաքապետարանի` բուրկինի` մահմեդական կանանց համար նախատեսված լողազգեստ կրելու արգելքը:   

«Մենք բոլոր առափնյա քաղաքների եւ հանգստավայրերի իշխանություններին, որոնք նման արգելք էին մտցրել, կոչ ենք արել անմիջապես չեղարկել այն», - ասել է նա: Կոլվիլը հիշեցրել է, որ մարդու իրավունքների ոլորտում միջազգային ստանդարտներին համապատասխան, «հավատի կամ կրոնի արտահայտման սահմանափակումները, ներառյալ հագուստի ընտրությունը, թույլատրված է միայն շատ սահմանափակ հանգամանքներում, ներառյալ հանրային անվտանգությունը, կարգ ու կանոնը, առողջությունը եւ բարոյականությունը»:

Պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ ՄԻՀԳՎ-ում  «ամբողջությամբ հասկանում եւ կիսում են այն դառնությունն ու վրդովմունքը, որ առաջացրել են վերջին ամիսների ընթացքում Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները»: Միաժամանակ բուրկինիի արգելքի մասին որոշումները «չեն բարելավում իրավիճակն անվտանգության ոլորտում, ավելի շուտ կրոնական անհանդուրժողականություն են հրահրում եւ Ֆրանսիայում մահմեդականների, հատկապես` կանանց խարանում»: