ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Մյանմայի առաջնորդներին կոչ է արել առաջանալ ժողովրդավարացման ուղիով եւ հասնել դաշնային պետության ստեղծման, որը հիմնված կլինի իրավահավասարության եւ ինքնորոշման վրա: Այդ մասին նա հայտնել է` ելույթ ունենալով Մյանմայի մայրաքաղաք Նեյպիդիոյում XXI դարի պանգլոնգյան համաշխարհային համաժողովին:
Նա արժանին է մատուցել ազգային հաշտեցման գործընթացին Մյանմայի քաղաքական գործիչների նվիրվածությանը` զգուշացնելով, որ առջեւում բարդ ճանապարհ կա, որը բոլորից փոխըմբնում եւ փոխզիջման պատրաստակամություն կպահանջի: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ներկայիս համաժողովը վերջին 70 տարվա ընթացքում առաջին խաղաղ նախաձեռնությունն է երկրում, որտեղ այս ամբողջ ընթացքում մոլեգնում էր հակամարտությունը եւ տարաձայնությունները կառավարության եւ զինված էթնիկ խմբավորումների միջեւ:
Պան Գի Մունը հիշեցրել է Մյանմայում ձգձգված քաղաքացիական պատերազմի ողբերգական հետեւանքների մասին, ինչպես նաեւ նրա, որ աշխարհի շատ մասերում ողբերգությունները դարձել են իշխանությունների` սեփական ժողովրդին ականջ դնելուց հրաժարման, ժողովրդավարացման գործընթացների նրա ձգտումը հաշվի չառնելու հետեւանքը: Նա Մյանմայի առաջնորդներին կոչ է արել թույլ չտալ վերադարձ դեպի տարաձայնությունների լուծման ռազմական մեթոդներ:
Գլխավոր քարտուղարը հավաստիացրել է, որ ՄԱԿ-ն առաջվա նման կաջակցի Մյանմայի` խաղաղության ամրապնդման, մարդու իրավունքների եւ օրինականության պահպանման եւ երկրի բոլոր բնակիչների շահերից բխող ջանքերին:





























