Ուկրաինան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում հրապարակել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ քվեարկության արդյունքները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի առաքելության ղեկավար Էդուարդ Ֆեսկոն:
«Խորհուրդը համառորեն պահպանում է հնացած գործընթացները եւ մերժում է իր աշխատանքի բարեփոխման ցանկացած փորձ: Սա բացարձակ անհասկանալի է»,- ասել է Ուկրաինայի ներկայացուցիչը:
Ներկայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում է 10 թեկնածու: Նրանցից վեցն Արեւելյան Եվրոպայից են. Սրջյան Քերիմը՝ Մակեդոնիայից, Դանիլո Թյուրքը՝ Սլովենիայից, Իրինա Բոկովան՝ Բուլղարիայից, Նատալյա Գերմանը՝ Մոլդովայից, Վուկ Երեմիչը՝ Սերբիայից եւ Միրոսլավ Լայչակը՝ Սլովակիայից:
Թեկնածուների թվում են նաեւ Անտոնիու Գուտերիշը Պորտուգալիայից, Հելեն Քլարքը՝ Նոր Զելանդիայից, Սուսանա Մալքորրան՝ Արգենտինայից եւ Քրիստիանա Ֆիգերեսը՝ Կոստա Ռիկայից:





























