ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը «ամենավճռական կերպով» դատապարտել է Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները՝ Անվտանգության խորհրդին կոչ անելով հնարավորինս արագ «համարժեք պատասխան միջոցներ» ձեռնարկել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա լրագրողներին ասել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում:

Նրա խոսքով՝ Փհենյանի գործողությունները սպառնում են տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը, նաեւ խոսում «միջուկային փորձարկումներն արգելող գլոբալ ռեժիմն ուժեղացնելու անհրաժեշտության մասին»:

«Հույս ունեմ, որ Անվտանգության խորհուրդը կպահպանի միասնականությունը եւ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի»,- ընդգծել է Բան Կի Մունը՝ հավելելով, որ Փհենյանը պետք է նման գործողությունների անթույլատրելիության մասին «հզոր նախազգուշացում» ստանա:

Դիմելով հյուսիսկորեական իշխանություններին՝ նա նոր կոչ է արել «փոխել կուրսն ու հակամիջուկայնացման ուղին ընտրել»: «Միջուկային զենք մշակելու եւ բալիստիկ տեխնոլոգիաներ յուրացնելու փոխարեն Հյուսիսային Կորեան պետք է բարելավի սեփական ժողովրդի բարեկեցությունը»,- ասել է Բան Կի Մունը: