ԼՂՀ իշխանությունների կողմից որեւէ խնդիր չկա Փախստականների իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի կամ նրա ներկայացուցիչների՝ Արցախ այցելության համար: Այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Փախստականների իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնի հայտարարությունը:

Ըստ նրա՝ իր հայտարարությունում Գերագույն հանձնակատարը փաստել է հակամարտության գոտի մուտքի հասանելիության բացակայությունը, հատկապես՝ ապրիլյան իրադարձություններից հետո, ինչը խոչընդոտում է փախստականների հետ կապված իրադրության վերլուծությանը: Չնայած Գերագույն հանձնակատարը հայտարարությունում չի հիշատաում Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, ադրբեջանական լրատվամիջոցները շտապել են հայտարարել, որ Գերագույն հանձնակատարը մեղադրում է Հայաստանին եւ ԼՂՀ-ին: «Շատ հետաքրքիր հոգեբանական պահ է: Անկախ ձեւակերպումից՝ այն, ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներում ներկայացվել է հայտարարությունը, վկայում է այն մասին, որ Ադրբեջանում կամա թե ակամա ԼՂՀ-ն ճանաչում են որպես պետական կազմավորում»,- նկատեց Դավիթ Բաբայանը:

Միաժամանակ, ըստ նրա, Գերագույն հանձնակատարի հայտարարությունը հարկավոր է դիտարկել որպես Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման փաստի ընդունում: «Իհարկե, ՄԱԿ-ի ներկայացուցիչները բազմիցս են այցելել Ադրբեջանում փախստականների ճամբարներ՝ կառուցված հոլիվուդյան կամ, ավելի ճիշտ, բոլիվուդյան ոճով, նախատեսված հանրությանը ցուցադրելու համար, եւ հրաշալի գիտակցում են, որ իրական վիճակը շատ ավելի վատն է: Գերագույն հանձնակատարի հայտարարությունը ենթադրում է, որ նրանց հասանելի չեն ավելի լայն տարածքներ, քան Լեռնային Ղարաբաղն է, տեղեկացված չեն Ադրբբեջանում փախստականների իրական վիճակի մասին»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ Գերագույն հանձնակատարի հայտարարությունը խեղաթյուրելու՝ ադրբեջանական լրատվամիջոցների փորձերը պետք է դիտարկել նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին ԱՄՆ Կոնգրեսում վաղը նախանշված լսումների համատեքստում: «Կեղծարարությունն ադրբեջանական փորձված մեթոդ է»,- նշեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը:

Դավիթ Բաբայանը նաեւ ընդգծեց, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները նախկինում եւս այցելել են Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ փաստերի բացահայտման առաջին առաքելության ժամանակ:

«Մենք միշտ ասել ենք, որ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների այցերի համար: Եթե Գերագույն հանձնակատարն ու նրա ներկայացուցիչները ցանկանում են այցելել Լեռնային Ղարաբաղ, կարող են դա անել ցանկացած ժամանակ: Խնդիրներ է ստեղծում Ադրբեջանը՝ իր «սեւ ցուցակով»: Սակայն իրականում դա վաղուց պատվո ցուցակ է դարձել, որում հայտնվելը մեծ պատիվ է մարդու իրավունքների ոլորտի իրավապաշտպանների եւ փորձագետների համար»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը: