Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 1-ին, շարունակվեց «Երրորդմասցի Լյովիկի» եւ երկու ընկերների սպանության գործով դատավարությունը:
Այսօրվա նիստին իրեղեն ապացույց համարվող զենք-զինամթերքը զննության ենթարկվեց: Փորձաքննությունն իրականացրած փորձագետ Արայիկ Ասլանյանը դրանք ներկայացրեց դատարանին: Գործով ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը նկատեց, որ իրեղեն ապացույցները փչացված են, դրանք փաթեթավորված չեն համապատասխան ձեւով, դրանց մեջ չկա համապատասխան կնիք: Լուսինե Սահակյանը նշեց, որ իրեղեն ապացույց համարվող զենքերը պետք է ուսումնասիրվեին առաջին իսկ օրը, ոչ թե այսքան ուշ: Փաստաբանը փորձագետի սխալն ապացուցելու համար կարողացավ առանց փաթեթը վնասելու հշետությամբ բացել այն եւ հանել իրեղեն ապացույց համարվող զենքը:
«Դակիչներով եւ ձկան թելերով են կնիքներն ամրացված փաթեթներին, որը նշանակում է՝ շատ հանգիստ կարելի է բացել փաթեթները՝ առանց դրանք վնասելու»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:
2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:












