Գեներալ Սեյրան Սարոյանը գտնում է, որ «1000 դրամ բանակին» աղմկահարույց  նախաձեռնությունը լավ միտք է բանակին օգնելու համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ իր ելույթում ասաց նա՝ կոչ անելով ժողովրդին լինել միասնական եւ կանգնել բանակի կողքին:

«Էլ ինչ մնաց խոսացինք այս հարցով: Հենց փորձեցինք ժողովրդի օգտին մի բան անենք՝ էլ գող կատու, էլ քաչալ շուն, էլ ով ինչ գողացավ բանակից: Ամեն ինչի մասին խոսացինք, բացի նրանից, որ էս մարդը էս օրենքը բերել ա: Հիշեցինք, թե ով իր տները սարքեց, ով տուշոնկա գողցավ, բանակից ով ինչ գողցավ, կերավ: Մեկա քթերից դուրս ա գալու, իրենց քթերից էլ դուրս չգա՝ երեխեքի քթերից է դուրս գալու: Ես դեռ չեմ լսել, որ բանակի զինվորի հաց գողցողները հանկարծ կրակի մեջ չընկնեն՝ կամ երեխեքը նարկաման են դառնում, կամ ղումարբազ, կամ էլ կազինոներում փողերը քամուն են տալիս: Էտի թողեք Աստծու հույսին, ավելի լավ է Աստված պատժի, քան դատախազը»,-ասաց նա:

Գեներալը նշեց, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ դժվար պահերին մեր ազգը միասնական է, բայց այս պահին այդ միասնությունը չկա.  «Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ բոլորս միասնական ենք, այ մարդ, պիտի պատերազմ լինի՞, որ միասնական լինենք: Մենք սաղս էլ գիտենք, որ մեր պետությունը քյասիբ պետություն ա, էսօր ասում են՝ խի՞ պետական բյուջեն չի տալիս էդ փողերը, պիտի ունենա, որ տա, որ չունի՝ որտեղի՞ց տա: Ասում են՝ մեր գեներալները գող, ավազակ են, գյուղ կա՞, որ շուն չլինի: Ենթադրենք, որ 4 հոգի էլ անամոթ են, հիմա մյուս գեներալները ամաչե՞ն էդ ֆորմեն հագնեն, էն գեներալները, որոնք ծառայում են էս բանակին: Նախ պիտի հասկանանք՝ էս օրենքն ինչի համար է , մարդն ասում է՝ բերեք 1000 դրամ, հիմա պետք է ասեն՝ ձենդ տաք տեղից է գալիս, քո համար 1000 դրամն ինչ փող ա, հա էլի եմ ասում, փող չի: Հիմա պատկերացրեք, մտել եք եկեղեցի ու մոմ եք վառել ձեր երեխեքի համար, չեմ պատկերացնում, որ մի մարդ կա, որի ընտանիքից բանակում մի մարդ չկա: Հլը փողը չհավաքված փողի մասին ենք խոսում, կոռուպցիայի. Սարգսյան Վիգենն այս փողերն իրենց տուն չի տանելու, Սարգսյան Վիգեններ կգան, կգնան, բայց այդ հիմնադրամը կմնա: Ամենահեշտ բանը ցեխ շպրտելն ա, ամոթ ա, սա ադրբեջանցիք էլ են նայում, ասում ենք հզոր բանակ ունենք, բայց ինչ ցեխ ասես չշպրտեցինք: Օբշի բանակի, գեներալների վրա ցեխ շպրտենք մի քանիսի համար, մեզ չի սազում: Ընդդիմություն-դիմություն այս հարցում չկա, հիմնադրամ ենք ստեղծում, ինձ դուր եկավ, որ նախարարը զեկուցելու ժամանակ ասաց, որ էս հիմնադրամը չի շեղվելու՝ խնդիր է կատարելու զոհվածների ընտանիքների, հաշմանդամների համար: կերաք էդ մարդուն՝ նույն հարցը մի քանի ձեւով տալով»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կառավարության նիստին հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը եւ ուղեկցող օրինագծերի փաթեթը, որոնց համաձայն՝ աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին: Զոհվածների եւ 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն), իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում՝ ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ (զոհվածներն ու 1-ին խմբի հաշմանդամները): Այս դեպքում սպային կամ նրա ընտանիքին 20 տարի շարունակ կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն: 2-րդ խմբի հաշմանդամների համար նախատեսված է համապատասխանաբար 200, 150 եւ 100 հազար դրամ ամսական: