Նիկոլ Փաշինյանն էսքան ժամանակ ի՞նչ ա ճիշտ ասել, որ հիմա ասի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները, որ Արմեն Իսրայելյանի (Ձկնկուլ) սպանությանն առնչություն ունի նրա նախկին գործատու Սամվել Ալեքսանյանը:

Նա նշեց, որ ճիշտ չէր նաեւ Փաշինյանի հայտարարությունները շաքարի հումք ներկրելու մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հոկտեմբերի 25-ին հայտարարել էր հետեւյալը. «Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայում սպանվել է «Ձկնկուլ» անունով հայտնի Արմեն Իսրայելյանը, ով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր և Ալեքսանյանի կողմից առևանգումներ, ահաբեկումներ և այլ ծանր հանցագործություններ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ և այդ հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործով առանցքային վկա:

Հայաստանի ՀՔԾ-ն Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցած քրեական գործը մեկ շաբաթ առաջ կարճել էր, ինչը ՀՔԾ-ի և ընդհանրապես ՀՀ իրավապահ համակարգի ծախու լինելու անհերքելի ապացույց է: Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը, և տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ ՀՀ ԱԺ»:

Հիշեցնենք, որ Արմեն Իսրայելյանը հանրությանը մասնավորապես հայտնի դարձավ «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցից հետո, երբ  բողոքել էր, որ Սամվել Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել է՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին: Ասել էր, որ 2015 թվականին խնդիրներ է ունեցել պատգամավորի հետ այն բանի համար, որ  իմանալով Ալեքսանյանի քեռու տղայի՝ Սամվել Ղազարյանի խաղատներ այցելելու հակումի մասին՝ պատգամավորին տեղյակ չի պահել: Սամվել Ալեքսանյանը տեղեկանալով, որ Արմեն Իսրայելյանն ու այլ աշխատակիցներ իրենից թաքցրել են այդ փաստը, որոշել է տուգանել նրանց՝ յուրաքանչյուրից պահանջելով 60 հազար ԱՄՆ դոլար:

Այս հարցազրույցի հրապարակումից հետո Արմեն Իսրայելյանը օրեր անց շտապել էր այլ լրատվամիջոց եւ անձամբ հերքել իր իսկ հրապարակած տեղեկությունները։

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնել էին, որ նախնական տվյալներով, 43-ամյա Էդուարդ Նշանյանին ու 46-ամյա Արմեն Իսրայելյանին սպանելու մեջ կասկածվում է հայազգի տղամարդը, որի անունը դեռ չի հրապարակվում։ Նա հետախուզման մեջ է։ Ճշտվում են կատարվածի հանգամանքները: