Սեյրան ջան, ախր դու զինվորական մարդ, կուլտուրական մարդ, գեներալ մարդ, կռված մարդ, ես ու Լյովը, ջհանդամը, կարող ա չիմանանք, թե բանակում ինչ է կատարվում, դու չգիտե՞ս՝ ովքեր են գողացողները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանին:
«Թե գիտես, Աստված պետք է պատժի՞ այդ մարդկանց: Ո՞վ է ասում, որ տրիբունալ չի գործում, զինվորի հացը գողացողին պատիժ չի գործում: Չէ՞ որ արդար երկիր ենք ուզում, զինվորն այդ արդարության զգացողությունը պետք է ունենա: Ասենք՝ սպասեք, Աստված կպատժի էդ գեներալներին, էդպես երկիր չեն կառուցում: Այդպես կարող է ասել տերտերը, բախտ բացողը, բայց ոչ պատգամավորը»,-ասաց Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, ում հասկանալի չի, որ պետությունն ունի սուրբ պարտականություն իր զինվորին պահելու, իր զինվորին պահելու, այստեղ խնդիր չկա. «Ընդամենը մեր առարկությունները միջոցի մասին է՝ դա պետությո՞ւնը պետք է անի, թե՞ այլ միջոցների պետք է դիմի: Ըստ իս, սա պետական մենաշնորհ է, հասարակությունը կարող է օգտակար լինել: Պետությունը պետք է իր միջոցներով այս խնդիրը լուծի եւ եթե կա կարիքը, ստեղծի միջավայր, որ հասարակությունն օգտակար լինի, նվիրատվություն անի, գումարներ դնի եւ այլն, որպեսզի բարձրացնի իր զինվորի ոգին ու անվտանգությունը»:
ՀԱԿ պատգամավորը հիշեցնենք, որ 1991 թվականին պետությունը իրականացրեց «մեկ գրամ ոսկի» օպերացիան, երբ ծանր վիճակում գտնվող պետությունը դիմեց իր քաղաքացիներին, որ կամավոր մուծումներ անեն. «Ես էլ իմ կնոջ ոսկին տարել հանձնել եմ: Կամավորությունը բերում է հերոսության, պարտադրանքը հերոսությունից հետ է տանում: Պարտադրանքով հերոսություն չես կարոս ստիպել»:
Արամ Մանուկյանը վստահություն հայտնեց, որ 10 անգամ ավելի կարելի է այս խնդիրը լուծել: «ՀՀ-ից տարեկան դուրս է գալիս տարբեր հաշվարկներով, 1-1,5 մլրդ դոլարի ապօրինի կանխիկ փող: Հարգելի անվտանգության ծառայողներ, հարգելի վարչապետ, էս իմ ասածը, որ հիմնվում է միջազգային կառույցների զեկույցների հիման վրա: Այս թիվը ստուգելու կարիք ունի՞, թե ոչ: Մեկը պետք է կանգնի՞ ասի, որ չկա տենց բան, կամ ասի, այդքան չի, քիչ է:
Երկրորդ՝ այս դահլիճում 60 միլոնատեր կա պաշտոնապես, աղքատ ու սոված երկրում: Այսպիսի երկրում նման կարճ ժամանակում չեն հարստանում: Այդ մարդկանց որեւէ մեկը պետք է ասի՞, մի բան էլ դուք վերցրեք ձեզ վրա: Բոլորը գիտեն, որ նվազագույնը 40 տոկոս ստվերային տնտեսություն է: Եթե ուզում եք այդ գումարը բերել բյուջե, դա կազմում է մեկ մլրդ դոլար: Դժվար է մեկ մլրդ դոլար բերելը, բերեք 100 մլն-ը»:
ՀԱԿ պատգամավորի խոսքով, Հայաստանն ունի 150 գեներալ, այսինքն 20 հազար մարդուն ընկնում է մեկ գեներալ. «Ռուսաստանի 200 հազար բնակչին է ընկնում մեկ գեներալ: ԱՄՆ-ում 280 հազար մարդուն ընկնում է մեկ գեներալ: Շատ չի՞: Ռուսաստանի համեմատ 10 անգամ շատ են մեր գեներալները:
Ոստիկանության էս քանակը կրճատեք, 100 մլն դոլարի չափ: Արտաբյուջետային հիմնադրամներ ունեն, սա ծայրից ծայր ստվեր է: Փակեք էդ հիմնադրամները ու տվեք զինվորին: Դու քո միլիոնը պահում ես, ուրիշի հազար դրամն ես ուզում, սա է անբարոյականությունը:
Իմ գրպանին չկպնես, Գագիկ Խաչատրյանի սարքածը պետականացրեք տվեք զինվորին: Գետտո եք սարքել, դրոշմանիշ եք սարքել, սովետի հոտ ա գալիս:
Սրանով պետության արժանապատվության հետ եք խաղում: Սա պետության նվաստացում է:
Ախրռանաներ եք պահում, ում համար եք պահում, եթե թշնամին եկավ, ձեր պարսիպներն ու ախռանան պահելո՞ւ ձեզ»,-ընդգծեց նա:











